ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ երկու հայ զինծառայողների վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը, նշված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում։
«Միևնույն ժամանակ Դատարանն իր որոշման մեջ նշել է նաև, որ վերոնշյալ հայ զինծառայողները գտնվում են 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում կիրառած ընդհանուր միջանկյալ միջոցների պաշտպանության տակ, որը տարածվում է բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ, որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո»,-նշված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մայիսի 26-ին հայտնել էր սահմանին երկու զինծառայողի անհետացման մասին։ Հետո հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԶՈւ զինված խումբը մուտք է գործել ՀՀ տարածք և առևանգել զինծառայողներ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին: Հայաստանի ԱԳՆ-ն իր հերթին դիմել էր Ադրբեջանի ղեկավարությանը ՝ առևանգված երկու զինվորներին ազատ արձակելու և վերադարձնելու կոչով: Մայիսի 27-ին Ադրբեջանում դատարանը կալանավորել է հայ զինվորականներին։
Մայիսի 28-ին Երևանը դիմել էր մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ՝ Ադրբեջանի կողմից երկու հայ զինվորականների առևանգման թեմայով: Հայկական կողմը պահանջել էր միջանկյալ միջոց կիրառել, մասնավորապես, նրանց կյանքի իրավունքի պաշտպանության ուղղությամբ և պարտավորեցնել Բաքվին տվյալներ ներկայացնել զինվորների պահման պայմանների, առողջական վիճակի մասին:
Հունիսի 21-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավարտել և ծանր հանցագործությունների դատարան է փոխանցել «հայկական դիվերսիոն խմբի»՝ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի գործը:
Երկու հայ զինծառայողներն Ադրբեջանում մեդադրվում են հրազենի մաքսանենգության, ահաբեկչության, ազգային, ռասայական, սոցիալական և կրոնական ատելություն հրահրելու, Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հոդվածներով: