Կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու ժամկետը երկարաձգվեց. Փաշինյանը` ահազանգերի մասին

Տարեց կին
Ծրագրի մեկնարկի համեմատ 2023 թ. ապրիլին գործարքների թիվը ավելացել է 4.8 անգամ, ծավալները՝ 7.8 անգամ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու ժամկետը երկարաձգվեց մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` ահազանգեր է ստանում, որ ՀՀ պետական հիմնարկներում դեռևս կանխիկ վճարումներ են իրականացվում։
«Մեր փոխվարչապետներին, նախարարներին, գործընկերներին ես կխնդրեմ, որ բացառեք որևէ կանխիկ վճարման ընդունումը, ընդ որում` տերմինալներով վճարումը մենք պայմանական անկանխիկ էինք համարում, սակայն դա նույնպիսի կանխիկ վճարում է։ Կանխիկ վճարումն այն է, որ մարդն այդ ընթացքում կանխիկ թղթադրամին ֆիզիկապես կպնում է»,– հայտարարեց նա։
Նա բոլոր գերատեսչություններին երեք ամիս ժամանակ տվեց, որպեսզի այդ խնդիրները լուծվեն, այլապես կհամարի, որ իր հանձնարարականը կատարված չէ
Նշենք, որ ծրագրի մեկնարկի` 2022 թ. հուլիսի համեմատ 2023 թ. ապրիլի գործարքների թիվը ավելացել է 4.8 անգամ, ծավալները՝ 7.8 անգամ:
Փետրվարին կենսաթոշակառուները 3.4 մլրդ դրամի անկանխիկ առևտուր են արել ՀՀ–ում
Այս անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու ծրագրի շահառուների թիվը 2022 թ. ամսական միջինում կազմել է 4 4031, իսկ 2023 թ. ապրիլին՝ 107 926` նախորդ ամսվա նկատմամբ աճը կազմել է 8%։ 1 շահառուի գծով հաշվարկված հետվճարի (առանց եկամտային հարկի) միջին ամսականը 2022 թ. կազմել է 2 915 դրամ, իսկ 2023 թ.ի ապրիլին՝ 3 281 դրամ:
2023 թ. հունվար-ապրիլ ամիսների հետվճարի գծով ծախսերը կազմել է 1.2 մլրդ դրամ։ 2023 թ. երկրորդ կիսամյակում ծրագրի շարունակականության ապահովման համար անհրաժեշտ է 3.5-4.1 մլրդ դրամ։
Քաղաքացին առցանց դիմումով կարող է փոխել կենսաթոշակը վճարող բանկը