Հնդկաստանը պատրաստակամ է աջակցել Ուկրաինայում խաղաղությունը վերականգնելու հարցում

Նարենդրա Մոդի. Արխիվային լուսանկար
Հնդկաստանի վարչապետը նշել է, որ Հնդկաստանն ի սկզբանե շեշտը դրել է երկխոսության և դիվանագիտության միջոցով վեճերը լուծելու վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հնդկաստանը պատրաստ է ներդրում ունենալ Ուկրաինայում խաղաղությունը վերականգնելու հարցում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
«COVID համավարակն ու ուկրաինական հակամարտություն հատկապես ազդել են Գլոբալ Հարավի երկրների վրա։ Կարծում ենք, որ այդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է, որ միավորվեն բոլոր երկրները։ Ուկրաինայում իրադարձությունների ամենասկզբին Հնդկաստանը շեշտը դրել է երկխոսության և դիվանագիտության միջոցով վեճերը լուծելու վրա», – հայտարարել է նա։
Մոդին ընդգծել է, որ Հնդկաստանը պատրաստ է «ցանկացած ներդրում ունենալ խաղաղության վերականգնման հարցում»։
Նշենք, որ Հնդկաստանի վարչապետն ԱՄՆ–ում է գտնվում պետական այցով։