ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Լեհաստանի Կրակով քաղաքում մեկնարկած Եվրոպական երրորդ խաղերում այսօր պայքարի մեջ են մտել Հայաստանի ջրացատկորդները։
Վլադիմիր Հարությունյանը, Ալիսա Զաքարյանը, Արման Ենոքյանը և Մարատ Գրիգորյանը մրցել են 3 մետր և 10 մետր բարձրությունից ջրացատկի մրցույթներում։ Նրանք թիմային հաշվարկով գրավել են 8-րդ հորիզոնականը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր պայքարի մեջ է մտել նաև Հայաստանի ատլետների թիմը։ «Միքս» փոխանցումավազքի մրցումներին Հայաստանի հավաքականը ներկայացրել են Դավիթ Սարգսյանը, Ալիսոն Հալվերսոնը, Գայանե Չիլոյանն ու Գոռ Հարությունյանը։ Մեր քառյակը ցույց է տվել 3։29։99 հազարերորդական վայրկյան արդյունք ու 1 վայրկյանից ավելի ժամանակով գերազանցել երկրորդ տեղ զբաղեցրած Ադրբեջանի հավաքականին։
Հիշեցնենք, որ եվրոպական 3-րդ խաղերը մեկնարկել են Լեհաստանի Կրակով քաղաքում հունիսի 21–ին, կտևեն մինչև հուլիսի 2-ը:
Խաղերի փակման արարողությունը տեղի կունենա Հենրիկ Ռեյմանի անվան քաղաքային մարզադաշտում։