ԵՄ պատվիրակությունն ու եվրախորհրդարանականները Հակարիի կամրջի մոտ են եղել

Նատալի Լուազոն և Անդրեա Վիկտորինը
ԵՄ ներկայացուցիչները ծանոթացել են եվրադիտորդների աշխատանքին այն հատվածում, որտեղ վերջերս զինված միջադեպ էր եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն ԵՄ մոնիտորինգային առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի ուղեկցությամբ եղել են Սյունիքի մարզի Հակարիի կամրջին հարակից հատվածում: Տեղեկությունը հրապարակվել է առաքելության Twitter-յան էջում։
«Իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով ԵՄ պատվիրակությունն այսօր միացել է ԵՄ դիտորդներին Լաչինի միջանցքի հատվածում գտնվող Հակարիի կամրջի մոտ` Հայաստանի կողմից», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
Հունիսի 15-ի առավոտյան էլ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: