ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունել է «Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որում հստակ ասվում է, թե Լաչինի միջանցքով չկա ազատ և անվտանգ տեղաշարժ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Ադրբեջանի պատվիրակությունն արեց ամեն ինչ բանաձևը փոփոխելու կամ դրա ընդունումը տապալելու համար, բայց ոչինչ չստացվեց։ Նրանց առաջարկած մոտ 60 փոփոխությունները մերժվեցին, և բանաձևն ընդունվեց»,– գրել է նա։
Ռուբեն Ռուբինյանը հայտնում է, որ բանաձևը հիմնականում անդրադառնում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար և մարդու իրավունքների հետևանքներին, ընդգծվում է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության հրատապ գործուղման անհրաժեշտությունը։
«ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է արել գործադրել բոլոր ջանքերը երկու ուղղություններով Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի համար»,– գրել է Ռուբեն Ռուբինյանը։
Նաև կոչ է արվել Ադրբեջանին անհապաղ կատարել ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, կոչ է արվում Ադրբեջանին վերականգնել էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանին նաև հասցեական կոչ է արվում հրաժարվել հայերի դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից։
«Վեհաժողովը խորապես ափսոսում է, որ ԵԽԽՎ զեկուցողն իր փաստահավաք այցի ընթացքում չի հրավիրվել Ադրբեջան և չի կարողացել մեկնել Լաչինի միջանցք»,– գրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը։
ԵԽԽՎ-ն շեշտել է, որ ներկա իրավիճակը կայուն չէ և կարող է հանգեցնել նրան, որ հայ բնակչությունը պարտադրված լինի լքել իրենց տներն ու համայնքները, եթե հակամարտությունը լուծում չստանա:
ԵԽԽՎ–ում ամառային լիագումար նստաշրջանն անցկացվում է հունիսի 19-23-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային լիագումար նստաշրջանում Լաչինի ազատ և անվտանգ մուտքի ապահովման հարցի հրատապ քննարկումը հնարավոր է տեղի ունենա հունիսի 22–ին:
Հիշեցնենք, որ ԵԽ խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին ընդունել է «Առաջընթացը Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացներում» (հունվար-դեկտեմբեր 2022թ․) բանաձևը։ Դրանում ներառվել էին հայկական պատվիրակության առաջարկած փոփոխությունները՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և Լաչինի միջանցքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները կատարելու վերաբերյալ։