ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսեն ու ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանն այսօր Սյունիքի մարզում հանդիպել են արցախցի երիտասարդ բժիշկների հետ, որոնք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից հետո չեն կարողանում վերադառնալ Արցախ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Բժիշկները ներկայացրել են շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրները:
«Առկա իրավիճակից ելքը Ադրբեջանի վրա հասցեական ճնշումն ու կոնկրետ պատժամիջոցների կիրառումն է»,– ասել է Եվրախորհրդարանի պատգամավորը։
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսեն ու ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը Սյունիքի մարզում
© Photo : official site of the Parliament of RA
Արձանագրվել է, որ խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտություն կա` կանխելու վերահաս հումանիտար աղետը:
Գորիսում Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը հյուրերին ներկայացրել է անվտանգային իրավիճակը մարզում: Բերտ-Յան Ռուիսենը նշել է, որ հայ ժողովուրդը վայելում է Եվրոպական խորհրդարանի աջակցությունը, և ինքը Հայաստանում է` ցույց տալու իրենց աջակցությունը Հայաստանին և մասնավորապես սյունեցիներին` գիտակցելով, թե որքան բարդ իրավիճակում են գտնվում վերջիններս:
Կողմերը կարևորել են Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայումը Սյունիքի մարզում:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսեն ու ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը Սյունիքի մարզում
© Photo : official site of the Parliament of RA
Օրենսդիրները եղել են նաև Լաչինի միջանցքի սկզբնամասում, քննարկել պաշտպանական տարբեր մեխանիզմների ներդրման հարցը` տևական խաղաղության հասնելու նպատակով: