ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի դեմ հարուցված քրեական գործի մասին հրապարակումները բամբասանքներ են։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Հունիսի 20-ին ԶԼՄ–ներում լուրեր տարածվեցին, թե Ազգային անվտանգության ծառայությունում Անդրեասյանի դեմ լիազորությունների չարաշահման հոդվածով քրեական գործ է հարուցված Վերաքննիչ քրեական դատարանում «ստվերային նախագահ» ընտրելու դեպքի առթիվ։ Լրատվամիջոցները գրում էին նաև, թե ԲԴԽ նախագահին անգամ կարող են կալանավորել։
«ԶԼՄ–ի հայտարարությունները բամբասանքներ են, ոչ ավելին։ Նույնիսկ ընթացակարգերը չգիտեն, թե որոնք ենք ԲԴԽ անդամի հետ կապված կարգավորումները։ Ուղղակի պաշտպանվող կողմը բոլոր ձևերով ուզում է այս ակնհայտ կարգապահական գործի հետ կապված ինչ–որ մեկնաբանություններ անել։ Նորմալ է, իրենք էլ իրենց պաշտպանողական ստրատեգիայի շրջանակում են գործում»,– ասաց Մինասյանը։
Հիշեցնենք` հունիսի 19-ին ԲԴԽ–ում մեկնարկել էր սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ գործի քննությունը։
Վարույթի հիմքում ՄԻԵԴ–ի 2019 թվականի հունվարի 24-ի վճիռն է: Մինասյանը միջնորդել է դատավորներին պատժել 2009 թվականի, այսինքն՝ 14 տարի առաջ կայացված դատական ակտերի համար: Չորս դատավորի պատասխանատվության ենթարկելու գործի քննությունից հետո նրանց ներկայացուցիչներն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել Անդրեասյանին։
Դատավորների ներկայացուցիչները հայտարարել էին, որ ԲԴԽ նախագահը Գրիգոր Մինասյանի մտերիմ ընկերն է և չի կարող անաչառ մոտենալ այդ հարցով որոշմանը։ Բարձրագույն դատական խորհուրդը մերժել է Անդրեասյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը։