Ատլանտյան օվկիանոսում անհետացած «Տիտան» բատիսկաֆի ողջ անձնակազմը զոհվել է

Բատիսկաֆի հետ կապն ընդհատվել էր հունիսի 18-ին՝ սուզվելուց 1 ժամ 45 րոպե անց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Ատլանտյան օվկիանոսում անհետացած «Տիտան» բատիսկաֆի ողջ անձնակազմը զոհվել է, հայտարարել է OceanGate Expeditions ընկերության սարքի սեփականատերը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կարծում ենք, որ մեր գլխավոր տնօրեն Սթոքթոն Ռաշը, Շահզադա Դավուդը, նրա որդին ՝ Սուլեյման Դավուդը, Համիշ Հարդինգը և Պոլ-Անրի Նարժեոլեն ողբերգական մահացել են», — ասված է հաղորդագրության մեջ:
Այս տեղեկությունը հաստատել է նաև ԱՄՆ առափնյա պահպանությունը։ Ինչպես ճշտել են ծառայությունում, հայտնաբերված բեկորները վկայում են, որ արտակարգ պատահարի պատճառը դեպի ներս ուղղված պայթյունն է եղել:
Հիշեցնենք՝ «Փոլար Փրինս» հետազոտական նավը, որ բերել էր «Տիտանին» սուզվելու վայր, բատիսկաֆի հետ կապը կորցրել է սուզվելուց 1 ժամ 45 րոպե անց` հունիսի 18-ին։
«Տիտանը» նախատեսված է զբոսաշրջիկներին «Տիտանիկի» կործանման վայր հասցնելու համար։