Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողները հավելյալ գումարներ կստանան

Միանվագ օգնություն կստանան ոչ միայն 2022 թ. սեպտեմբերի ագրեսիայից, այլև դրանից հետո տուժած զինվորականները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողները լրացուցիչ գումարներ կստանան։ Այս մասին որոշում է ընդունվել ՀՀ կառավարության նիստում։
2022 թ. նոյեմբերին ընդունված նախկին որոշմամբ՝ սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի ընթացքում վիրավորում կամ հոգեկան վնասվածք ստացած զինծառայողները ստացել են 500 հազար դրամի միանվագ օգնություն։
Անհետ կորած զինծառայողների ընտանիքներին դրամական աջակցությունը կերկարաձգվի ևս երկու ամսով
Այսօրվա որոշումը տարածվում է նաև նրանց վրա, ովքեր սեպտեմբերի 13-14-ից հետո են վնասվածքներ ստացել հակառակորդի ագրեսիայից։
Բացի այդ, վիրավորման արդյունքում հաշմանդամություն ունեցող զինծառայողները կանոնավոր վճարումներ են ստանում նաև զինծառայողների կյանքի և առողջության ապահովագրության հիմնադրամից՝ կախված հաշմանդամության խմբից և կոչումից։
Հիշեցնենք`մայիսի 26–ին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Կարինե Սարգսյանը հայտարարել էր, որ հիմնադրամը 2023 թվականի առաջին եռամսյակում 52 դեպքով հատուցումներ է տրամադրել 33 զոհված (այդ թվում` Ազատ գյուղում հրդեհից զոհված 15 զինծառայողների), 6 անհայտ բացակայող զինծառայողների ընտանիքներին, 1 առաջին և 12 երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող շահառուներին։
Հավելենք նաև, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին ապահովագրելու և հատկացումներ տրամադրելու նպատակով: