Տվյալներ կան Սուրիկ Խաչատրյանի որդու առնչության վերաբերյալ. ՔԿ–ն` Գորիսի կրակոցների մասին

Քննչական կոմիտե
ՔԿ–ում վարույթ է նախաձեռնվել հրազենի շրջանառության ու խուլիգանության հատկանիշներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Սյունիքի մարզում հրազենային վնասվածք հասցնելու դեպքով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է վարույթ, տվյալներ կան կատարվածին Տիգրան Խաչատրյանի (Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին. խմբ.) անմիջական առնչության վերաբերյալ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Քրեական վարույթի շրջանակներում այդ տվյալները ստուգվում են»,– ասաց նա։
Այսօր «Հրապարակ» թերթը գրել էր, որ հունիսի 20-ին Գորիս քաղաքում Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ միանգամից 3 միջադեպ է տեղի ունեցել։
Ըստ թերթի` նա քաղաքի բանուկ մասում հայհոյել է ոստիկաններից մեկի կնոջը, ավելի ուշ կռվել է բանջարեղեն վաճառող տղայի հետ, իսկ հետո իրեն Տիկո ասելու համար վիճել ու կրակել է վուլկանացման կետի 46-ամյա աշխատակցի վրա, գնդակը դիպել է նրա աջ ձեռքին։ Պարբերականի տվյալներով` միջադեպից հետո Տիգրան Խաչատրյանն իր մեքենայով գնացել է Գորիսի ոստիկանություն, հայհոյանքներ հնչեցրել՝ սպառնալով, որ եթե գործ հարուցեն, վատ է լինելու, ապա հեռացել է: Ոստիկանները փորձել են հետևից գնալ, բայց չեն կարողացել բռնել։
Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 335–րդ հոդվածի 1–ին մասով (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 297 հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով)։
Հիշեցնենք` Տիգրան Խաչատրյանին 2022 թվականի մայիսի 30-ին ձերբակալել էին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասի հիմքով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։ Հուլիսի 30-ին նա ազատ էր արձակվել։