Տիեզերքից հայերեն խոսք կհնչի. տիեզերագնաց Կիվիրյանն ասել է` երբ կլինի առաջին թռիչքը

Հարություն Կիվիրյանը Երևանում
Հարություն Կիվիրյանը կարող է դառնալ ազգությամբ երկրորդ հայը, որը եղել է տիեզերքում։ Նա երկար տարիներ է պայքարել սրա համար՝ յուրացնելով հրթիռային ինժեների և հրթիռների օպերատորի մասնագիտությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Պետք է երկար տարիներ աշխատել օդում խնդիրները լուծելու համար, և ոչ միայն փոխաբերական, այլև ամենաուղղակի իմաստով: Ինքներդ ձեզ վրա աշխատելը տիեզերագնաց դառնալու և խիստ ընտրությունն անցնելու միակ տարբերակն է: Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի «Ռուսական տուն» կենտրոնում լրագրողների և դպրոցականների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հարություն Կիվիրյանը, որը 2022 թվականի ապրիլին 2200 հավակնորդներից ընդգրկվել էր ռուսական տիեզերագնաց ջոկատում։
Կիվիրյանը օդաչուի կրթություն չունի, «տիեզերք է եկել» ճարտարագիտությունից, բայց նրա համար ֆիզիկական պատրաստվածության պահանջները նույնն էին, ինչ մնացածի համար՝ գերբեռնվածություն, անկշռություն, ջրասույզի հմտություններ, եթե սարքը վայրէջք կատարի ջրի վրա: Ու նա ստիպված էր ինքնուրույն սովորել այս ամենը:
Հարություն Կիվիրյանը Երևանում
Անհրաժեշտ էր տիրապետել նաև պարաշյուտով ցատկելուն, որի ընթացքում պետք էր տարբեր խնդիրներ լուծել։ Օրինակ՝ կոտրված էկրանով ժամացույցով ժամը որոշել կամ նույնականացնել շրջված պատկերը։ Պատասխանները պետք էր անհապաղ ձայնագրվեին տիեզերական կոստյումի մեջ տեղադրված ձայնագրիչով:
«Հասկանում եմ, որն է լինելու հաջորդ հարցը՝ ե՞րբ է թռիչքը։ Այս հարցին պատասխանելու է միջգերատեսչական հանձնաժողովը։ Դա մոտավորապես տեղի կունենա 2026-28 թվականներին։ Նշեմ, որ առաջին անգամ թռչողներին սովորաբար նշանակում են ոչ թե օդաչու, այլ բորտինժեներ», - ավելացրեց Կիվիրյանը։
Հարությունի ինժեներական կրթությունն անթերի է. 2015 թվականին ավարտել է Բալթյան «Վոյնմեխ» պետական տեխնիկական համալսարանը՝ «Հրթիռաշինություն» մասնագիտությամբ, իսկ դիպլոմայինը պաշտպանել է «գերազանց»: Ռազմական ամբիոնում սովորելու տարիներին վերապատրաստում է անցել հրթիռային համալիրների շահագործման մասով: Վերջապես,2019-ին, արդեն լինելով համալսարանի շրջանավարտ, նա սովորել է Սերգեյ Կորոլյովի անվան տեխնիկական դպրոցում՝ յուրացնելով ծրագրային կառավարմամբ հաստոցների աշխատանքը։
«Կարևորն այն է, որ դա պարզապես երազանք չէր, այն նպատակ էր, և ես հասկանում էի, որ դրան հասնելու համար պետք է գնալ երկար, աստիճանաբար: Բաց տիեզերք դուրս գալը, կայանից դուրս գիտական սարքավորումների վրա աշխատելը իմ երազանքն էր»– ասաց նա:
Այժմ Ռուսաստանում «խորը տարածության» զարգացման ծրագիր է մշակվում, ուստի հնարավոր է, որ նրա թիմի տիեզերագնացներին բախտ վիճակվի Լուսին թռչել, սակայն տիեզերագնացն ասում է, որ պետք չէ գուշակություններ անել:
Բայց կարելի է մեծ վստահությամբ ասել, որ տիեզերքից հնարավոր է` առաջին անգամ հայկական խոսք հնչի: Մի քանի տարի առաջ, երբ Ֆյոդոր Յուրչիխին-Գրամատիկոպուլոն թռավ տիեզերք, երկրի հետ կապի նիստերից մեկի ժամանակ նա լսեց մոր ձայնը:
«Թեոդորե, դու՞ ես»։ Ու հունարենով պատասխանեց՝ «Այո, մայրիկ, ես եմ, Թեոդորոն»: Հարցին, թե կցանկանար արդյո՞ք Հարությունը «տիեզերական» լեզու դարձնել նաև հայերենը, նա պատասխանեց. «Իհարկե, կայանում աշխատանքային լեզուները ռուսերենն ու անգլերենն են։ Բայց մայրենի լեզվի առումով հարազատների հետ խոսելու համար սահմանափակումներ չկան: Դուք կարող եք ցանկացած լեզվով խոսել: Ես փորձում եմ հայերեն միշտ խոսել, երբ ծնողներիս մոտ եմ գալիս»։
Նա համշենահայերեն է խոսում։ Համշենահայերեն խոսում են Հարավային Սևծովյան տարածաշրջանի հայերը, որոնցից շատերն այժմ ապրում են Աբխազիայում, Կրասնոդարի երկրամասում և Ադիգեայում (Կիվիրյանը հենց այնտեղից է) ։ Հիմա էլ որոշել է իր համար ևս մեկ փորձություն անցնել։
Пресс-конференция космонавта Арутюна Кивиряна (21 июня 2023). Еревaн
«Փորձում եմ գրական հայերեն ուսումնասիրել, որ գրքեր կարդամ։ Ինձ դա հետաքրքիր է, կարծում եմ` կկարողանամ», - ասաց Հարությունը։
Ավելացնենք, որ հնարավորության դեպքում ապագա տիեզերագնացը պատրաստ է համագործակցել հայ գիտնականների և ինժեներների հետ, եթե Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնեցնեն տիեզերական հետազոտությունների ծրագիրը:
Հիշեցնենք, որ առաջին ազգությամբ հայը, որը եղել է տիեզերքում, ամերիկահայ տիեզերագնաց Ջեյմս Բաղիյանն է (1989 և 1991 թվականներին):