ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Մոսկվան ճնշում չի գործադրել Երևանի վրա պատժամիցոների ցանկում գտնվող ապրանքների մատակարարումը շարունակելու համար։ Այս մասին Politico-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
«Չնայած Եվրասիական տնտեսական միությունը երաշխավորում է ապրանքների ազատ տեղաշարժը, սակայն մենք չենք կարող պատժամիջոցների տակ ընկնել՝ ներգրավվելով ստվերային գործունեության մեջ, շրջանցելով պատժամիջոցները»,-նշել է Սաֆարյանը:
Նա հավելել է, որ Երևանին շատ է մտահոգում հայկական ընկերությունների և հենց Հայաստանի պատժամիջոցների տակ ընկնելու հեռանկարը: Դա, ըստ նրա, ծանր իրավիճակ կստեղծի տնտեսության և անվտանգության տեսանկյունից։
«Մեր քաղաքականությունը հիմնված է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ երկխոսության վրա: Սակայն մենք նաև աշխատում ենք Ռուսաստանի հետ, որպեսզի կարողանանք կարգավորել այս հարցերը, քանի որ մեր տնտեսությունները մեծապես փոխկապակցված են», - ասել է Մնացական Սաֆարյանը:
Նրա խոսքով ՝ Ռուսաստանի հետ տասնամյա սերտ առևտրային կապերը խզելը հեշտ չէ, և պրագմատիզմն ավելի կարևոր է, քան գաղափարախոսությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 2022 թվականին գրեթե կրկնակի աճել է՝ գերազանցելով 5 մլրդ դոլարը։ Հայաստանից արտահանումն աճել է գրեթե երեք անգամ ՝ 841 մլն դոլարից հասնելով 2 մլրդ 411 մլն դոլարի։
Մեխանիկական և էլեկտրոնային սարքավորումների արտահանումն աճել է 10 անգամ ՝ մոտ 60 մլն դոլարից հասնելով 695 մլն դոլարի։