ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Խորհրդարանական ընդդիմությունը փողոցային պայքարի նախապատրաստական աշխատանքներ է տանում։ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ–ական Հայկ Մամիջանյանն այս հայտարարությունն արեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։
«Իրեն (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. խմբ) իշխանությունից հանրապետականը չի հեռացնելու, իրեն իշխանությունից հեռացնելու է հայ ժողովուրդը։ Ասեմ ավելին` հայ ժողովուրդն արժանի չէ, որ, ինչպես ժամանակին նախագահ Սերժ Սարգսյանն էր ասել, իր առջևից նման խզբզանք քայլի։ Հիմա մանրամասներ չեմ ներկայացնի, բայց փողոցային պայքարի նախապատրաստական քայլերը մենք իրականացնում ենք»,– ասաց Մամիջանյանը։
Նա նշեց` ժամկետներից խոսել չի կարող, բայց շեշտեց` շատ ժամանակ չունեն։