ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Փաստաբանները հունիսի 26-ին մեկօրյա բողոքի ակցիա կիրականացնեն՝ հրաժարվելով դատարաններում, նախաքննության մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց: Տեղեկությունը հայտնում է ՀՀ փաստաբանների պալատը։
Նշվում է, որ տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որին ներկա փաստաբաններն արձանագրել են իրավասու մարմինների և պատկան միջազգային կառույցների անտարբերությունը փաստաբանական ինստիտուտի նկատմամբ:
«Բռնության ենթարկված փաստաբանների մասով վարույթն իրականացում է ոչ բավարար արագությամբ, իսկ մեղավորները շարունակում են մնալ անպատիժ: Ակնառու է նաև ոստիկանության անգործությունը, քանի որ փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն գործած ոստիկաններն առ այսօր շարունակում են պաշտոնավարել»,– նշված է փաստաբանների հայտարարության մեջ:
Նրանք նաև նշել են, որ այս պայքարի նպատակը վստահորդների արդար դատաքննության իրավունքի իրացման համար է, քանի որ ճնշված փաստաբանը չի կարող արդյունավետ պաշտպանել վստահորդի շահերը:
Հունիսի 26–ի բողոքի ակցիայից կարճ ժամանակ անց հրավիրվելու է ակումբի նիստ` քննարկելու հաջորդ 3–օրյա բողոքի ակցիայի ժամանակացույցը և պայմանները:
Փաստաբանները պատահական չեն ընտրել օրը. հունիսի 26-ը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է:
Նշենք, որ վերջին օրերին փաստաբանները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում։ Պատճառը հունիսի 7-ին ոստիկանների կողմից բռնությունն էր և փաստաբան Կարեն Ալավերդյանի ձերբակալումը` ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ։
Սա փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառելու առաջին դեպքը չէ։ Նախորդ անգամ էլ ոստիկանության Էրեբունու բաժնում առերես հարցաքննության ժամանակ փաստաբանական պալատի երկու փաստաբաններին ոստիկանները նախ հայհոյել, այնուհետև ծեծի էին ենթարկել։