ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ուկրաինացիները, որոնք բռնի կերպով զորակոչվել են Ուկրաինայի զինված ուժեր, Լեհաստանում մարզումների ժամանակ եռանդ չեն ցուցաբերում և անփույթ են վերաբերվում ռազմական տեխնիկային։ Այս մասին ասել է լեհական բանակի պահեստազորի սպա Պյոտր Պավելկան, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ բազմաթիվ լեհական ստորաբաժանումներ զբաղվում են երկրում ուկրաինացի զինվորների ուսուցմամբ, ուստի երևում է, թե կոնկրետ ովքեր են պատրաստվելու գալիս։
«Եվ նրանք այն տղաները չեն, որոնք ձեռքերը բարձրացրել ու ասել են՝ այո՛, ես ուզում եմ պատերազմ գնալ»,– նշել է Պավելկան:
Նրա խոսքով՝ բռնի զորակոչված ուկրաինացիների պահվածքից երևում է, որ նրանց համար միևնույն է, թե իրենք որտեղ կհայտնվեն մարզվելուց հետո։
«Եվ դա պատճառներից մեկն է, թե ինչու նրանք չեն մտածում իրենց օգտագործած տեխնիկայի մասին, և երբեմն տեխնիկային վնաս են հասցնում, քանի որ նրանց դա պարզապես չի հետաքրքրում»,–ասել է սպան` ավելացնելով, որ դա դժգոհություն է առաջացնում լեհ զինվորականների շրջանում:
Պավելկան պարզաբանել է, որ ուկրաինացիները չեն մտածում տեխնիկայի մասին, քանի որ գիտեն, որ իրենց «ուժով են քարշ տվել, գրանցել այս բանակում», համազգեստ են տվել, իսկ հիմա նրանք պետք է վերապատրաստում անցնեն։
Սպան ենթադրել է, որ Ուկրաինայի ԶՈւ–ի զինվորների վերապատրաստման ընթացքում որոշ միջադեպեր, ինչպիսին էր, օրինակ, միմյանց բախված լեհական երկու Leopard 2A4 տանկերի դեպքը, կարող էին պատահական չլինել: Նրա կարծիքով՝ ուկրաինացիների մի մասն ուզել է ծառայության համար ոչ պիտանի ձևանալ կամ այդ կերպ ինքնավնասում անել, որ չվերադառնան Ուկրաինա՝ մարտերին մասնակցելու։
«Ցավոք, նրանք գիտեն, թե ուր են վերադառնում, գիտեն, որ շատ դեպքերում վերադառնում են, որ մեռնեն այս պատերազմում», — ամփոփել է Պավելկան:
Պորուչիկն արդեն պատմել է, որ Լեհաստանում «Leopard 2» տանկերի կառավարում սովորող ուկրաինացի զինվորականները կարողացել են պոկել դրանցից մեկի աշտարակը՝ երկու մարտական մեքենաների բախում կազմակերպելով: Նա նաև հրապարակել է վնասված Leopard-ներից մեկի լուսանկարը, որում երևում է պոկված աշտարակը։
Ավելի վաղ գերմանական «Der Spiegel» թերթը հայտնել էր, որ ուկրաինացի տանկիստներն ամեն ինչ անում են գերմանական տեխնիկայով մարտի մեջ չմտնելու համար: Պարբերականի տվյալներով՝ Եվրոպայում վերապատրաստված զինծառայողները խափանումների իմիտացիա են անում, միտումնավոր փչացնում տանկերն ու երբեմն հատուկ ցեխի մեջ մտցնում դրանք, որ ավելի խորը խրվեն ու չկարողանան օպերատիվ տարհանվել։
Այնուամենայնիվ, գերմանական մամուլը կարող է բացահայտ կեղծել գերմանական մեքենաների հեղինակությունը փրկելու համար: Leopard 2-ի ոչնչացումը հաստատող առաջին կադրերից հետո արտադրողի` Rheinmetal-ի բաժնետոմսերի գինը զգալիորեն ընկել է: Շուտով արևմտյան մամուլում հրապարակումներ եղան ուկրաինացի մարտիկների անբավարար որակավորման մասին։
Der Spiegel-ի նոր հոդվածը Ուկրաինայի զինված ուժերի տանկիստներին է վերագրում գերմանական տեխնիկայի ձախողումն իրական մարտում։