Ինդոնեզիան պաշտոնապես չեղարկել է Covid-19-ի համավարակի կարգավիճակը

Ինդոնեզիայի իշխանությունները պաշտոնապես չեղարկել են նաև երկիր այցելողների համար մինչ այժմ գործող պարտադիր պատվաստման պահանջը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն այսօրվանից պաշտոնապես չեղարկել է Covid -19–ի համավարակի կարգավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«COVID-19 համավարակի դեմ ավելի քան երեք տարվա համակարգված պայքարից հետո այսօր կառավարությունը որոշել է չեղարկել համավարակի կարգավիճակը»,- ասել է Վիդոդոն իր տեսաուղերձում։
Նրա խոսքով՝ հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ Ինդոնեզիայի բնակիչների 99 տոկոսն արդեն հակամարմիններ ունի COVID-19-ի դեմ։ Չնայած նրան, որ համավարակը պաշտոնապես արդեն ավարտված է համարվում, Վիդոդոն բնակչությանը հորդորել է զգույշ լինել և շարունակել առողջ ապրելակերպ վարել։
Ինդոնեզիայի իշխանությունները պաշտոնապես չեղարկել են նաև երկիր այցելողների համար մինչ այժմ գործող պարտադիր պատվաստման պահանջը։
Նշենք, որ մայիսի 24–ին ԱՀԿ-ն կոչ էր արել պատրաստվել մահացու համավարակի, որն ավելի սարսափելի կլինի, քան Covid-ը։ Իսկ ավելի վաղ կազմակերպությունը չեղարկել էր Covid-19 գլոբալ համաճարակը, որը հայտարարվել էր 2020 թվականին։