ՀՀ–ում Եվրոպական միության մոնիթորինգային առաքելությունը 23 աշխատակիցների կարիք ունի

Արխիվային լուսանկար
Առաքելության թիմին միանալու համար դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 10-ն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը (EUMA) հայտարարել է, որ 23 նոր աշխատակցի կարիք ունի։ Տեղեկությունը հրապարակված է առաքելության կայքէջում։
Առաքելությունը, մասնավորապես, կարիք ունի գրասենյակի ղեկավարի, աշխատակազմի գրասենյակի ղեկավարի, անվտանգության և խնամքի պարտականությունների և առաքելության աջակցության բաժնի աշխատակիցների:
«Պաշտոնները նախատեսված են լրիվ դրույքով, աշխատանքային սովորական ժամերով, ժամկետային պայմանագրով` մինչև 2025թ. փետրվար: Աշխատանքի մեծ մասը հերթափոխով է՝ Եղեգնաձորում, Ջերմուկում, Մարտունիում, Գորիսում, Իջևանում և Կապանում»,– նշված է առաքելության հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ բոլոր դիմորդները պետք է օգտվեն քաղաքացիական իրավունքներից և աշխատանքային իրավունքներից՝ համաձայն ՀՀ օրենսդրության, տիրապետեն անգլերենին, հայերենին (մայրենի լեզվով խոսնակ) և ունենան համապատասխան կրթություն` ըստ նշված աշխատանքային պարտականության:
Եվրոպական միության առաքելությունը Հայաստանում հետևում և զեկուցում է Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմի անվտանգության իրավիճակի մասին:
Առաքելության թիմին միանալու համար դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 10-ն է, սակայն EUMA-ն կոչ է անում շահագրգիռ դիմորդներին հնարավորինս շուտ դիմել: