Հակարիի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպը կապված է սահմանազատման բացակայության հետ. ՌԴ ԱԳՆ

Մարիա Զախարովա
Մոսկվայում անհիմն են անվանել Լաչինի միջանցքի մոտ տեղի ունեցած միջադեպի համատեքստում ռուս խաղաղապահների հասցեին հնչեցված մեղադրանքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Հունիսի 15-ին Հակարի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպը հայ-ադրբեջանական չսահմանազատված սահմանի ընդհանուր խնդրի հետևանք էր: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս կոչ է արել սկսել սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի աշխատանքը, և այդ աշխատանքները պետք է արդյունավետ լինեն: Մոսկվան իր կողմից պատրաստ է օգնել սահմանագծերը որոշելու հարցում, այդ թվում՝ Հակարի կամրջի հատվածում, որը հերթական կռվախնձորն է դարձել։
Զախարովայի կարծիքով՝ ռուս խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքներն անհիմն են:
«Մենք խորհուրդ կտայինք նվազեցնել ԶԼՄ-ներում հռետորաբանության աստիճանը։ Խաղաղապահները սերտորեն աշխատում են կողմերի հետ՝ իրավիճակը կարգավորելու համար», - նշել է դիվանագետը։
Զախարովան չհամաձայնեց լրագրողի ռեպլիկի հետ, թե կողմերից մեկի գործողությունների համատեքստում ռուս խաղաղապահները մասնակցություն են ունեցել: Խաղաղապահները հենց խաղաղապահներ են նրա համար, որ պետք է աջակցեն երկու կողմերին խնդիրների լուծման հարցում։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը փորձել են Հայաստանի տարածքում՝ Հակարի գետի կամրջի մոտ, բարձրացնել ադրբեջանական դրոշը՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ: Հայկական կողմը կասեցրել է առաջին փորձը, սակայն ավելի ուշ համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ նկատվում է բարձրացրած դրոշը։
Հաջորդ օրը Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի ԱԳՆ, որտեղ, ըստ գերատեսչության հաղորդագրության, դիվանագետին ծայրահեղ դժգոհություն է հայտնվել միջադեպի կապակցությամբ:
Սպասենք պաշտոնական արձագանքներին. ԱԳ փոխնախարարը` Հակարիի կամրջի միջադեպի մասին