ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Հայկական բեռնատարները Վերին Լարսի անցակետի մաքսակետում առաջնահերթ կարգով են ձևակերպում անցնում։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է մաքսային կետի պետի տեղակալ Գեորգի Ցեգոևը։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը դրական էր գնահատել «Վերին Լարս» մաքսային անցակետի արդիականացումը։ Նա ասել էր, որ խցանումներ չկան, ճամփեզրերն ազատ են։ Ըստ Դաշնային մաքսային ծառայության՝ բեռների գրեթե կեսը (48%) գալիս է Հայաստանից։
«Այն բեռնատարները, որոնք գալիս են Հայաստանի ապրանքներով, առաջին հերթին ենք զննում։ Հայկական բեռնատարների համար նախատեսված է ևս 100 տեղ «Հարավային դարպասներում», որտեղ նույնպես կարելի է ամբողջական մաքսային գործողություն իրականացնել», - ավելացրել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք` Վերին Լարսի մաքսակետի վերակառուցման հարցը քննարկել էին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը նշել էր, որ այդ աշխատանքների ավարտը կարևոր է, քանի որ կխթանի Մոսկվայի և Երևանի միջև տնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը:
Ռուսաստանը լայնածավալ աշխատանքներ է իրականացրել անցակետի վերակառուցման համար։ Սա «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ամենածանրաբեռնված անցակետն է։ Մայիսին Վերին Լարսի 25 գոտիներին ավելացել է ևս 11–ը, իսկ հունիսի 15-ին գործարկվել է ևս երեք գոտի: