ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի նորանշանակ գործադիր տնօրեն Ալեքսանդր Բելյաևին։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
«ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին նախարարին է ներկայացրել նորանշանակ տնօրենին և հավաստիացրել, որ նախարարության հետ համագործակցությունը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հետագա զարգացումը կլինի շարունակական»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև կոմբինատի առկա վիճակը, ընթացիկ աշխատանքները, զարգացման հեռանկարները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունն ու բաց, թափանցիկ աշխատանքը։
Նշենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Հայաստանի կառավարությունն ունի 21.875 տոկոս բաժնեմաս։