ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է Թալինի համայնքապետին կաշառք առաջարկելու մեղադրանքով ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կոռուպցիոն կոմիտեն։
«Թալինի համայնքապետարանի աշխատակցի հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրենն իր օգտին ապօրինի գործողություն կատարելու համար պաշտոնատար անձին տվել է խոշոր չափերով՝ 1.900.000 ՀՀ դրամ կաշառք»,–նշված է կոմիտեի հաղորդագրության մեջ:
«Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրեն Է. Ա.-ն դիմել է Թալինի համայնքապետարան՝ Մաստարայի պեռլիտի հանքավայրի շահագործման համար նոր հողատարածք վարձակալելու համար: Համայնքապետարանը մերժել է հողատարածքը վարձակալությամբ տրամադրել, ավելին` մերժել է նաև ՍՊԸ-ի լիցենզավորումը։
Մերժման պատճառը եղել է այն, որ ընկերության հանքանյութի վերամշակման գործարանի աշխատանքի արդյունքում առաջացող փոշին վնասում է հարակից տարածքում գտնվող բերքը, և բնակիչների մեծամասնությունը դժգոհ է ընկերության գործունեությունից։
«Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրենը դիմել է Թալինի համայնքապետարանի աշխատակցին և խնդրել միջնորդել Թալին համայնքի ղեկավարին՝ կաշառքի դիմաց պեռլիտի հանքի շահագործման նոր լիցենզիա ստանալու համար։ Թալինի համայնքապետարանի աշխատակիցը, սակայն, հաղորդում է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով իրականացվել են գաղտնի քննչական գործողություններ։
Կաշառք տալուց անմիջապես հետո «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ (խոշոր չափերով կաշառք տալը) և 3-րդ (իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար կաշառք տալը) կետերով: Նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել ներկայացված մեղադրանքում և տվել խոստովանական ցուցմունքներ:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և հանձնվել հսկող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: