ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Վրաստանը «կշտացել» է Արևմուտքի խոստումներից և ուզում է վերադառնալ հետխորհրդային երկրների շուկաներ։ ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների հետ հանդիպմանը այս հայտարարությունն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Դուք տեսնում եք, որ նրանց քաղաքականության մեջ որոշակի փոփոխություն կա, որովհետև որևէ մեկը ձեզ իր շուկա չի թողնի ո՛չ կաթով, ո՛չ մսով, ո՛չ գինիով։ Շուկաները վաղուց բաժանված են, և դրանց համար կոշտ կռիվ է գնում։ Եվ դա երկրորդ պատճառն է` ինչու մենք պետք է միասնական լինենք։ Դա մեր յուրացրած շուկան է», – «Բելտա» գործակալությունը մեջբերում է Լուկաշենկոյի խոսքերը։
Բելառուսի նախագահը նշել է, որ եթե Արևմուտքն ինչ–որ բան նույնիսկ առաջարկի, ապա միայն ռեսուրսների կամ իր համար շահավետ քաղաքականություն վարելու դիմաց։
«Պետք չէ շտապել, մյուսի համար խոչընդոտ ստեղծել և փորձել հեռանալ իրարից։ Պետք է միասնական լինել, հատկապես այս դժվարին ժամանակում», – հավելել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով` հիմնական առավելությունը միասնական շուկայի առկայությունն է և պետք չէ շտապել դուրս գալ դրանից։
Բելառուսի նախագահը նշել է նաև, որ Արևմուտքն ի դեմս ՀԱՊԿ–ի սպառնալիք է տեսնում միջազգային ասպարեզում իր գերակայությանը, այդ կապակցությամբ փորձում է պառակտում մտցնել կազմակերպության, ինչպես նաև ՇՀԿ–ի, ԲՐԻԿՍ–ի շարքերում։