Թուրքիան պետք է կարգավորման ճանապարհային քարտեզ ներկայացնի․ Սիրիայի դեսպան

Բաշար Ջաֆարի
Դիվանագետը թվարկել է պաշտոնական Դամասկոսի պահանջները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Անկարան պետք է թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ ներկայացնի։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին:
Հունիսի 20-ին Աստանայում կայացել է Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի փոխարտգործնախարարների քառակողմ նիստը՝ նվիրված Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորմանը:
«Կան մի շարք պահանջներ, որոնք Թուրքիան պարտավոր է կատարել հարաբերությունների կարգավորման համար։ Սա աստիճանական գործընթաց է, և մենք ենթադրում ենք, որ Թուրքիան արդյունքի հասնելու համար անհրաժեշտ գործողություններ կիրականացնի։ Առաջին հերթին (այդ մասին խոսում ենք և՛ մենք, և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը), Թուրքիան պետք է ճանապարհային քարտեզ ներկայացնի, որում նշված կլինեն անհրաժեշտ արդյունքների հասնելու քայլերը», - ասել է Ջաֆարին լրագրողներին։
Դիվանագետի խոսքով՝ Դամասկոսը պահանջում է, որ Թուրքիան դուրս բերի զորքը Սիրիայի տարածքից, երկրի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում դադարեցնի աջակցել անջատողականներին ու զինյալներին, հարգանք դրսևորի սիրիական ինքնիշխանության ու երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ, դադարեցնի ջրային ռեսուրսների դեֆիցիտի հետ կապված մանիպուլյացիաները:
«Թուրքական կողմը պետք է կատարի այդ բոլոր քայլերը հաստատված համաձայնագրերի շրջանակում», - ասել է նա:
Ջաֆարին ավելացրել է, որ Դամասկոսն իր կողմից կատարում է բոլոր անհրաժեշտ պահանջները և պատրաստ է հարցի հետագա կարգավորմանը:
«Մենք հասկանում ենք, որ Թուրքիային ժամանակ էր պետք, պետք էր սպասել ընտրությունների ավարտին։ Բայց հիմա եկել է ժամանակը իմանալու, թե որքան լուրջ են Թուրքիայի մտադրություններն այս հարցում», - ասել է դեսպանը։
Հիշեցնենք` Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարները մայիսի 10-ին հանդիպում են ունեցել Մոսկվայում: Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են փոխարտգործնախարարներին հանձնարարել ճանապարհային քարտեզ պատրաստել Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների առաջխաղացման համար՝ չորս երկրների պաշտպանության նախարարությունների և հատուկ ծառայությունների աշխատանքի համաձայնեցմամբ:
Թուրքիան կսկսի Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի մշակումը