Թուրքիան և Ադրբեջանը օդային կառավարման միասնական համակարգ են ստեղծում

Թուրք-ադրբեջանական համակարգի վերահսկողության գոտին պետք է ընդգրկի Էգեյան ծովից մինչև Կասպից ծով տարածությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Թուրքիան և Ադրբեջանը համատեղ HAKİM օդային հրամանատարության կառավարման համակարգ են ստեղծում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Հալուք Գերգունը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա նշել է, որ HAKİM կառավարման համակարգը երկու պետությունների ռազմաօդային ուժերի համատեղ իրականացվող կարևորագույն ծրագրերից է։ Գերգունը հավելել է, որ օդային հրամանատարության կառավարման միասնական համակարգի միջոցով երկու երկրների ռազմաօդային ուժերը հնարավորություն են ստանում համատեղ գործողություններ իրականացնել, ինչպես նաև վերահսկել Ադրբեջանի օդային տարածքը։
Գերգունն ընդգծել է, որ երբ այս նախագիծն ամբողջությամբ իրականացվի, օդային տարածքի կառավարման միասնական գոտին կընդգրկի Էգեյան ծովից մինչև Կասպից ավազան ընկած տարածքը։