ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Սյունիքում Շամբ-Լծեն-Տաթև ճանապարհի շինարարությունը կավարտվի 2023 թվականի վերջին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
«Շամբ-Լծեն-Տաթև ճանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել 2023 թվականի վերջին»,– նշեցին գերատեսչությունից։
Օրեր առաջ ճանապարհային դեպարտամենտը տեղեկացրել էր, որ Նորավան-Շամբ հատվածում հորդառատ անձրևների պատճառով քարաթափումներ են տեղի ունեցել։
Մայիսի վերջին նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ Տաթև–Լծեն ճանապարհահատվածի կառուցումն ամբողջովին ավարտվել է, իսկ Լծեն–Նորավան մասը շուտով կավարտվի։
Հիշեցնենք` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը 2021 թվականի դեկտեմբերին Sputnik Արմենիային հայտնել էր, որ Տաթև-Լծեն ճանապարհի ասֆալտապատումը կավարտվի 2022 թվականի աշնանը։ Նա նշել էր, որ Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհը (որը կապում էր Հայաստանը Իրանի հետ) փակելուց հետո առաջին փուլում իշխանությունները վերանորոգել են Տաթև-Կապան այլընտրանքային ճանապարհը, հետո անցել են երկրորդ փուլին՝ այդ ճանապարհի բարդ հատվածների համար շրջանցումների կառուցմանը։