Քոչարյանը ԼՂ–ի միջազգային կարգավիճակը զոհեց լեգիտիմություն ձեռք բերելու համար. Փաշինյան

Ըստ Փաշինյանի` Ռոբերտ Քոչարյանը զրկեց Ղարաբաղին որևէ ինքնուրույնությունից` այդպիսով խախտելով ԼՂ ժողովրդի կամքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԼՂ միջազային կարգավիճակը զոհեց լեգիտմություն ձեռք բերելու համար։ ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, թե Ռոբերտ Քոարյանի նպատակն այն էր, որ միջազգային հանրությունը չնկատի 1998 թ. ՀՀ–ում իր կողմից իշխանությունը ընտրակեղծիքներով զավթելու հանգամանքը։
«Ահա թե որն էր Քոչարյանի մոտիվացիան` ԼՂ–ն դուրս թողնել բանակցություններից։ Իմ կարծիքով` Քոչարյանը 1998 թ. ընտրությունները հաղթեց կեղծիքների մասին համատարած ահազանգերի պայմաններում։ ՀՀ նախագահ ընտրվելու իրավունք չուներ, քանի որ վերջին 10 տարում չէր համարվել ՀՀ քաղաքացի։ Ասել է, թե, Քոչարյանը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրեց լեգիտիմության լիակատար բացակայությամբ»,– հայտարարեց Փաշինյանը։
Սիմոնյանը վստահեցնում է` Փաշինյանն անսպասելի, սենսացիոն հայտարարություններ է անելու
Նիկոլ Փաշինյանը սկսեց թվարկել մի շարք պատճառներ և փաստեր, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը ԼՂ–ն դուրս թողել բանակցություններից։ Ըստ նրա` այդ մասին վկայել է անգամ ինքը` Քոչարյանը` 2004 թ. ապրիլի 3–ին ասելով, թե տպավորություն էր ստեղծվել, որ Հայաստանը պատրաստ է կարգավորման ցանկացած ձևի, բայց խնդիրը Ղարաբաղի ղեկավարությունն է։
«Հարց էր առաջանում` մի՞թե ՀՀ–ն ի վիճակի չէ իրենից ակնհայտ կախվածության պայմաններում ճնշում գործադրել և ստիպել համաձայնել այս կամ այն դիրքորոշման հետ։ Ես առաջարկել եմ փոխել այդ տեսակետը և փորձել ՀՀ ռեսուրսն օգտագործել` հիմնախնդրի կարգավորման ուղությամբ սեփական մոտեցումներն ու դիրքորոշումը մշակելու համար»,– Քոչարյանի խոսքերը մեջբերեց Փաշինյանը` այնուհետև մեկնաբանեց դրանք հետևյալ կերպ.
«Քոչարյանն իր այս դիրքորոշմամբ կոպտորեն խախտել է ԼՂ սահմանադրությունը։ 1991 թ. Ղարաբաղի ժողովուրդը «Այո» է պատասխանել այն հարցին, թե համաձա՞յն եք, որ հռչակված ԼՂՀ–ն լինի անկախ պետություն` ինքնուրույն որոշելով համագործակցության ձևն ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ։ Ստացվում է` Ռոբերտ Քոչարյանը զրկեց Ղարաբաղին որևէ ինքնուրույնությունից։ Այդպիսով, խախտեց ԼՂ ժողովրդի կամքը։ Ավելին, նա զրկեց ԼՂ–ին միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակից, որը հնարավորություն կտար միևնույն սեղանի շուրջ նստել ՌԴ–ի, ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Ադրբեջանի և ՀՀ ներկայացուցիչների հետ։ Սա, ըստ էության, ԼՂ–ի միջազգային սուբյեկտայնության վերջն էր»։
Ըստ Փաշինյանի` Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր–Պետրոսյանից հետո հաղթողական ուղղությամբ առաջնորդությունը ստանձնելով, Ղարաբաղի բանակցային գործընթացում անում էր քայլեր, որոնք բյուրեղացնում են այն ճարտարապետությունը, որը կառուցվել է ԱՊՀ հիմնադիր փաստաթղթղերով, ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի բանաձևերով և 1996 թ. ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովով։
«ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի նախագահողի հայտարարության մեջ հստակ նշվում էր, որ Ղարաբաղի Հանրապետության հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում,և ԼՂ ինքնորոշման իրավունքը ևս պետք է իրացվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»,– ընդգծում է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի փաստարկներով` «Ընդհանուր պետության մասին» փաթեթը վերջին փաստաթուղթն էր, որը ներկայացվել էր նաև ԼՂ ներկայացուցիչներին` բանակցությունների սեղանի շուրջ։ Դրանից հետո, ըստ նրա, ԼՂ–ն անգամ նորմալ տեղեկացված չի եղել, թե ինչի շուրջ են ընթանում բանակցությունները։
Այնուհետև Փաշինյանը թվարկեց և մեջբերեց 2009 թ. հոկտեմբերի 2–ին Ստեփանակերտում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահող Բեռնար Ֆասիեի հնչեցրած մտքերը, 2019 թ. նոյեմբերի 11–ին Երևանում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, 2012 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի խոսքերը, որոնք վկայում են Ռոբերտ Քոչարյանի` ԼՂ–ն բանակցություններից դուրս թողնելու մասին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին մասնակցում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին։
Հունիսի 19–ին ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն էին տարածել` նշելով, որ չեն մասնակցի քննիչ հանձնաժողովի նիստին, «չեն մասնակցի այդ շոուին»։