ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ ճանապարհներին հայտնաբերվել է թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցած 12 տրանսպորտային միջոց։ Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
Տրանսպորտային միջոցները կշռվել են շարժական կշեռքներով Արմավիրի մարզում։
«12 ավտոմեքենայից 9-ը թույլատրելի 32-40 տոննա առավելագույն զանգվածը գերազանցել են 15-27 տոննայով, 2-ը գերազանցել են 1-ից 9 տոնայով»,– ասված է հաղորդագրությունում։
Դիտարկված մեկ տրանսպորտային միջոց էլ կատարել է թույլատրելի առավելագույն 40 տոննան ավելի քան 57 տոննա զանգվածով գերազանցած բեռնափոխադրում։
Հայտնաբերված իրավախախտ տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով: