Պուտինն ասաց` Ադրբեջանը հրադադարի համար նախապայման ունի. Փաշինյանը քննիչ հանձնաժողովում է

Նիկոլ Փաշինյանն ասաց` հայկական կողմի ըմբռնումն այն էր, որ կրակը պետք է դադարեցվի առանց նախապայմանների, իսկ կողմերը պետք է մնան այդ պահին իրենց զբաղեցրած դիրքերում
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ինչու եռակողմ հայտարարությունը ստորագրվեց և պատերազմը կանգ առավ հենց նոյեմբերի 9-ին։ ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հարցում շրջադարձային էր, իհարկե, Շուշիի անկումը։ Ըստ նրա` այս հարցում էականը ոչ միայն Շուշիի խորհրդանշական դերն էր, այլ ռազմավարական։
«Շուշիի կորստից հետո, ըստ էության, հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պետք է ուժեղանար ճնշումը Մարտունու վրա, և որ ամենակարևորն է` մեր շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեին շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ»,– ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 9–ի հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու` իրենց արդեն հինգերորդ փորձն էր։ Ըստ նրա` առաջին նման խոսակցությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին, երբ ծննդյան օրվա առիթով շնորհավորելու համար զանգահարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Դրանից հետո Ռուսաստանի նախագահը կարևոր համարեց, որ ես հարցազրույցներից մեկում հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է գնալ կոմպրոմիսների, և , օգտվելով այս առիթից, ինքն ուզում է միջնորդական ջանքեր գործադրել հնարավորինս արագ կրակի դադարի հասնելու համար։ Ասացի, որ համաձայն եմ` մինչ այդ հետաքրքրվելով, թե ինչ պայմաններով պետք է լինի կրակի դադարեցումը»,– շարունակեց ներկայացնել Փաշինյանը։
Սիմոնյանը վստահեցնում է` Փաշինյանն անսպասելի, սենսացիոն հայտարարություններ է անելու
Ըստ նրա` հայկական կողմի ըմբռնումն այն էր, որ կրակը պետք է դադարեցվի առանց նախապայմանների, իսկ կողմերը պետք է մնան այդ պահին իրենց զբաղեցրած դիրքերում, դրանից հետո քննարկվի, թե որոնք են այդ կոմպրոմիսները։Փաշինյանի խոսքով` նույն օրը երեկոյան երկրորդ անգամ է հեռախոսազրույց եղել, որի ընթացքում ՌԴ նախագահ Պուտինը հայտնել է, որ հարցը քննարկվել է Ադրբեջանի նախագահի հետ, սակայն Ալիևը նշել է, որ համաձայն չէ հրադադար հաստատել։
Սակայն Պուտինը նշել է, որ պայմանավորվել են նաև հաջորդ օրը հեռախոսազրույց ունենալ Ալիևի հետ։
«Հաջորդ օրը Վլադիմիր Պուտինն ինձ ասաց, որ ադրբեջանական կողմը հրադադարի համար նախապայման ունի։ Ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին, և հայկական ուժերն Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խոդաֆերինի ջրամբար այնպես, որ ջրամբարը լինի ադրբեջանական վերահսկողության տակ, և նրանք կարողանան այնտեղից ջուր վերցնել ոռոգման նպատակով»,– հայտնեց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է Գուլիևի և Ասկերովի վերադարձին` Փաշինյանն ասել է, որ քննարկումը հնարավոր է, եթե Ադրբեջանը նաև հայտնի, թե Ռուսաստանի միջնորդությամբ քանի հայ գերի է պատրաստվում վերադարձնել։ Ֆիզուլին առանց մարտի հանձնելու և Արաքսի ափով նահանջելու պայմանը Փաշինյանն անընդունելի է համարել։
Հոկտեմբերի 8-ին Պուտինի հետ ևս մեկ հեռախոսազրույց է կայացել։ Դրա ժամանակ ՌԴ նախագահն ասել է, որ Ադրբեջանի նախագահը համաձայն է հոկտեմբերի 9-ի լույս 10-ի կեսգիշերից հրադադար հաստատել։
Փաշինյանը հավելեց, որ դա քննարկելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվեցին Մոսկվա` խորհրդակցություններ սկսելու։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև գերիների և զոհվածների աճյունների փոխանակման ուղղությամբ։
Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում կայացել է ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հոկտեմբերի 10-ին` ժամը 12։00-ից, մարդասիրական նպատակներով հայտարարել կրակի դադարեցման մասին։
Դրանից հետո Փաշինյանը պաշտպանության նախարարությանն ու գլխավորին շտաբին հրահանգել է պահպանել կրակի դադարեցման ռեժիմը։
Սակայն Ադրբեջանը ոչ միայն չէր դադարեցնում կրակը, այլև ավելի էր ակտիվացնում գրոհները` հարձակում ձեռնարկելով նաև նախկին ԼՂԻՄ տարածքի վրա` հրթիռային հարվածներ հասցնելով Ստեփանակերտին, Մարտակերտին, գրոհելով Հադրութի ուղղությամբ։
Փաշինյանի խոսքով` զորքերին հրահանգված էր ամեն ինչ ձեռնարկել հարձակումները կասեցնելու համար, միաժամանակ դիվանագիտական քայլեր էին արվում հրադադար հաստատելու և այն պահպանելու համար։ Ըստ նրա` դիտարկվում էր շփման գծի երկու կողմերում ռուս ռազմական դիտորդների տեղակայումը, սակայն Ադրբեջանը խուսափել է նման լուծման գնալուց։
ՀՀ վարչապետը հավելեց` հետագա օրերին ևս անընդհատ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ` քննարկելով, թե ինչ է պետք անել հրադադարի հասնելու համար։
Հիշեցնենք` հունիսի 19–ին ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն էին տարածել` նշելով, որ չեն մասնակցի քննիչ հանձնաժողովի նիստին, «չեն մասնակցի այդ շոուին»։
Հավելենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին, 2023–ի մայիսի 3–ին դրա աշխատանքը երկարաձգվեց ևս 6 ամսով։ Մինչ օրս հանձնաժողովում շարունակվում է ստացված փաստաթղթերի ուսումնասիրությունը։ Այս ընթացքում հանձնաժողովը ստացել է 4154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային ու գրաֆիկական փաստաթուղթ` ընդհանուր 14.000 էջից ավելի ծավալով։
Ուսումնասիրությանը մասնակցում են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացնում նաև պատերազմի մասնակիցներ և զոհվածների հարազատներ։
Հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Մինչ օրս հանձնաժողովի նիստերին ներկայանալ հրաժարվել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը (նա կալանքի տակ է,– խմբ.), ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը և պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։