Փաշինյանը վստահ է, որ ԵԽ պատվիրակության այցը կնպաստի տարածաշրջանի իրավիճակը գնահատելուն

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետը եվրոպացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, սահմանազատման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամների այցը կնպաստի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը գնահատելուն։ Ասել է Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը կարևորել է Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը Լաչինի միջանցքի անխափան գործունեության ապահովման վերաբերյալ։ Հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն էլ ավելի է սրվում, քանի որ արդեն մի քանի օր է` ինչ սննդամթերքի մատակարարումները ևս արգելափակվել են:
«Այս համատեքստում վարչապետը կարևորել է միջազգային փաստահավաք առաքելության մուտքը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ: Նիկոլ Փաշինյանն ավելացրել է նաև, որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունն ու հրադադարի ռեժիմի խախտման գործելաոճը, ինչը ավելացնում է լարվածությունը տարածաշրջանում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նատալի Լուազոն ընդգծել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու, ինչպես նաև լարվածության ռիսկերը նվազեցնելու քայլերի անհրաժեշտությունը: Կարևորել է Հայաստանում Եվրոպական դիտորդական առաքելության գործունեությունը:
Զրուցակիցները խոսել են տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, սահմանազատման մասին: Վարչապետը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությանը