ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանիորոշմամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-24-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն` Մոսկվա։ Տեղեկությունը հրապարակված է e-gov կառավարական հարթակում։
«Նրանք մասնակցելու են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին և Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի նիստին։ Պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը և Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ Ռազմիկ Խումարյանը»,– ասված է հաղորդագրությունում։
Պատվիրակությունում լինելու են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի պետ Ժիրայր Անանյանը։
Մհեր Գրիգորյանը վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի Հայաստանի վարչապետին։