ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՄԱԿ-ն ուզում է հասնել պարենային գործարքի երկու մասերի գործողության շարունակությանը։ Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնելէ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Պատասխանելով հարցին, թե արդյոք կշարունակի՞ գործել ՌԴ- ի ու ՄԱԿ-ի միջև փոխըմբռնման հուշագիր՝ ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանմանն աջակցելու վերաբերյալ, եթե հուլիսի 18-ին դադարեցնի աշխատանքը Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, Հաքն ասել է, որ ՄԱԿ-ը շարունակում է կապի մեջ լինել կողմերի հետ:
«Ինչ վերաբերում է փոխըմբռնման հուշագրին, մենք փորձում ենք ապահովել, որ և՛ փոխըմբռնման հուշագիրը, և՛ Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը շարունակեն գործել։ Եվ մենք կապի մեջ ենք, որ ապահովենք այդ գործարքների շարունակականությունը», - մասնավորապես նշել է նա։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը հայտարարել էր, որ ՌԴ-ն գործը տանում է նրան, որ հուլիսի 18-ը դառնա հացահատիկի գործարքի գործողության վերջին օրը:
Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլի համատեղ համակարգող կենտրոնը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2022–ի սեպտեմբերին նշել էր, որ Արևմուտքն ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանում է իր պետություններ, ոչ թե Աֆրիկայի կարիքավոր երկրներ։
Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մասն է։ Երկրորդ մասը՝ Ռուսաստան - ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված է երեք տարվա համար, նախատեսում է պարենի և պարարտանյութերի ռուսական արտահանման ապաշրջափակում, «Ռոսսելխոզբանկի» վերամիացում SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերականգնում, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնում և մի շարք այլ միջոցառումներ: Մոսկվայից հայտնում են, փաթեթային պայմանավորվածության այդ մասը մինչ օրս չի կատարվում։
Մայիսի 18-ին հայտնի դարձավ, որ գործարքը մինչև հուլիսի 17-ը ներառյալ երկարաձգվել է՝ առանց որևէ փոփոխության։