Լոռիում կինը նկարել է 21 անձանց անձնագրերը, հանցակիցը նրանց անուններով վարկեր է ձևակերպել

Փող հաշվելու սարք
Խարդախություն կատարած անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Լոռու մարզի 53-ամյա բնակչուհին հեռախոսով լուսանկարել է 21 անձանց և նրանց անձնագրերը և փոխանցել նույն մարզի 35-ամյա բնակչին, որը տվյալներով անգրավ վարկեր է ձևակերպել և գումարները հափշտակել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Խոշոր չափերի հափշտակության ընդհանուր գումարը կազմել է 3․630․000 ՀՀ դրամ:
Նշվում է, որ 53-ամյա կինը իր համագյուղացիներին, ծանոթներին և բարեկամներին` հավաստիացնելով, թե նրանց ընդգրկում է իր կողմից առցանց առևտրով զբաղվելու համար ստեղծված խմբում կամ ակնկալում է արտերկրից գումար ստանալ, սակայն իր հաշվեհամարն արգելափակված է, և ասելով, թե ցանկանում է նայել անձնագրի լուսանկարը, լուսանկարել է նշված անձանց և անձնագրերը։
Այդ եղանակով 53-ամյա կինը նույնացրել և գրանցել է նրանց հավելվածում՝ ձևակերպելով հաշիվները, որոնց մուտքանուններն ու գաղտնաբառերը փոխանցել է 35-ամյա տղամարդուն։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 53-ամյա կնոջը և 35-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել խարդախությունը, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը հոդվածներով:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: