Կալանավորվել է «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանին օժանդակած անձը

Մեկուսարան
Կալանավորված անձը դատավորի և նրա մերձավորների լուսանկարները ենթարկել է անպարկեշտ ֆոտոմոնտաժի` դրա վրա կատարելով նրանց անձը արատավորող գրառումներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի կողմից դատավորի, նրա մերձավոր ազգականների վերաբերյալ արատավորող տեղեկությունները «Telegram» հավելվածում հրապարակելուն օժանդակած անձը` Անդրանիկ Արմանդարյանը, կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Պարզվել է, որ Արմանդարյանը, մտերիմ հարաբերություններ ունենալով Ղուկասյանի հետ, ղեկավարել է Ղուկասյանի գործունեությունը տարածող համացանցի մի շարք օգտահաշիվներ, այդ թվում՝ «Հանրային ձայն» կուսակցության կայքէջը։
Հունիսի 11-ին «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներին առնչվող քրեական վարույթով մեղադրվող անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարացնելու որոշումից հետո Անդրանիկ Արմանդարյանը ձեռք է բերել դատավորի, ինչպես նաև նրա մերձավոր ազգականների լուսանկարները։
«2023թ․ հունիսի 11-ին՝ ժամը 21:45-ից մինչև 23:33-ի սահմաններում, համապատասխան ծրագրային հավելվածների միջոցով մոնտաժել է այդ լուսանկարները, դրանց վրա կատարել դատավորին ու նրա մերձավոր ազգականներին վերաբերող անպարկեշտ, արատավորող գրառումներ: Բացի այդ, նա դատավորի լուսանկարը ենթարկել է անպարկեշտ ֆոտոմոնտաժի` դրա վրա կատարելով դատավորի անձը արատավորող գրառումներ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Այնուհետև հիշյալ լուսանկարները հունիսի 11-ին Արմանդարյանը ուղարկել է Վարդան Ղուկասյանին: Հաջորդ օրը վերջինս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջով ելույթի ընթացքում հրապարակել է այդ լուսանկարները՝ դատավորի և վերջինիս մերձավոր ազգականների նկատմամբ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ:
Արմանդարյանն այդկերպ օժանդակել է Վարդան Ղուկասյանի կողմից հանցանքի կատարմանը:
Դստերը մորը վերադարձնելու համար «Դոգի» փաստաբանը ավելի քան 5 մլն դրամ է շորթել քաղաքացուց
Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Արմանդարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է, և վերջինիս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքին կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելուն օժանդակելը):
Արմանդարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Կալանավորվել է Վարդան Ղուկասյանի` «Դոգի» քույրը