«ՀԱՊԿ-ում Մինսկի նախագահությունը մեզ թույլ է տալիս առաջընթացի ուղի մշակել». Լավրով

Սերգեյ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը խոսել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Բելառուսի նախագահության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համար կարևոր ժամանակահատվածում Բելառուսի նախագահությունը թույլ է տալիս ճիշտ գնահատել ներկա իրավիճակը և առաջընթացի ուղի մշակել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո:
«Արևմուտքը, որը նույն բանն արել է Աֆղանստանում ու Իրաքում, հիմա զբաղված է Ուկրաինայով։ Հենց որ իր շահը սպառվում է, նա պարզապես հրաժարվում է իր ստեղծած այս կամ այն իրավիճակից և հեռանում է՝ համապատասխան տարածքները թողնելով ավերված և վտանգավոր վիճակում։ Ուստի ինձ թվում է, որ սա շատ կարևոր ժամանակաշրջան է ՀԱՊԿ-ի համար, և ՀԱՊԿ-ում Բելառուսի Հանրապետության նախագահությունը զգալիորեն օգնում է ճիշտ դիտարկել ստեղծված իրավիճակը, ճիշտ գնահատել այն և առաջխաղացման ճանապարհ մշակել»,- ասել է նախարարը։
Ավելի վաղ Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն ասել էր, որ կազմակերպության անդամ երկրները ներկա աշխարհաքաղաքական իրողություններում պետք է համատեղ արձագանքեն մարտահրավերներին։
ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցու նպատակով Բելառուս է մեկնել նաև Արարատ Միրզոյանը։