ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է գումարներ շորթելու մի հին խաբեության մասին, որը նոր թափ է ստացել։ Նա այս մասին հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում` տեսանյութ հրապարակելով։
«Ձեր բարեկամներից մեկին, որը Հայաստանում չի, գտնում են «Ֆեյսբուքով» կամ «Ինստագրամով», նրա հաշվի «կլոնն են» սարքում, հետո էլ գիշերը գրում են, որ շտապ գումար է պետք։ Պատճառները տարբեր են։ Բնականաբար, մարդիկ փոխանցում են, հետո էլ այդ գումարը վերածվում է կրիպտո արժույթի ու կորում։ Ահռելի գումարներ են տանում, գրում են, որ շտապ բժշկի պետք է գնան, ստուգվեն ու նմանատիպ բաներ»,– ասում է Մարտիրոսյանը։
Նրա խոսքով` խնդիրը պարզ լուծում ունի` պետք է ուղղակի բացել հաշիվը, համոզվել, արդյոք իրենց քեռին է, հորեղբայրն է կամ մեկ այլ հարազատ ու բարեկամ, դրանից հետո միայն որոշել գումարը փոխանցել, թե ոչ։
Մեդիափորձագետը վստահեցնում է` նոր ստեղծված այդ «կլոն» օգտահաշիվները խաբեբաները մանրակրկիտ են սարքում։
Վերջին ժամանակներում սոցցանցային խաբեությունները մեծ թափ են ստացել։ Օրինակ` վերջերս էլ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրել էր, որ «ՀայՓոստ»-ից մարդկանցից բանկային տվյալների կորզման համար կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում այլ կազմակերպությունների անունից։ Նա հայտնել էր, որ այդպիսով փորձում են բանկային քարտից գողանալ գումարը։