Ալավերդի քաղաքում քարաթափման հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել էր

Քարաթափում Ալավերդի քաղաքում
Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս են բերել փոքր քարերը և վերականգնել միակողմանի երթևեկությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում քարաթափում է եղել, որի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Հունիսի 20-ին, ժամը 06:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհին՝ Ալավերդի քաղաքում գտնվող հին կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը երկկողմանի փակ է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում (մոտ 10 խմ), ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակ է:
Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս են բերել փոքր քարերը (մոտ 3 խմ) և վերականգնել միակողմանի երթևեկությունը: Մնացած մաքրման աշխատանքները իրականացվում են «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ի կողմից:
Հիշեցնենք` ավելի վաղ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացրել էր, որ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 16-ից մինչև հուլիսի 31-ը ժամանակ առ ժամանակ կփակվի Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի Օձունի խաչմերուկը։