Այդ փաստաթղթի իրականացումը կանխեցին Սարգսյանն ու Դեմիրճյանն իրենց կյանքերով. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
Ըստ Փաշինյանի՝ թեպետ շրջանառվող փաստաթուղթն իրավական ուժ չստացավ, բայց այնտեղ նշված հարցերն այսօր էլ բանակցային սեղանին են հայտնվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. 1999 թվականին` Ստամբուլյան գագաթնաժողովի օրերին, միջազգային դիվանագիտական հանրությունը գիտեր, որ բանակցային սեղանին է դրվել Ղարաբաղյան հարցի կարգավորման փաստաթուղթ, որը կոչվում է «Տարածքների փոխանակման սկզբունք»։ Այսօր Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա` շրջանառվող փաստաթուղթը և՛ տարածքային ամբողջականության, և՛ ինքնորոշման իրավունքից այն կողմ էր։
Ըստ նրա` հենց շրջանառվող այս փաստաթուղթն էր պատճառը, որ Ստամբուլյան գագաթնաժողովում հղում չկար ոչ տարածքային ամբողջականության, ոչ ինքնորոշման սկզբունքին։ Փաշինյանը որոշեց նիստում ընթերցել այդ փաստաթղթի առանցքային մի քանի հոդվածներ, որոնք, ըստ վարչապետի, տասնամյակներ շարունակ հանրությունից գաղտնի են պահվել։
Առաջին հոդվածով սահմանվում էր, որ նախկին ԼՂԻՄ տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը (1988 թ. սահմաններում) փոխանցվում են Հայաստանի Հանրապետությանը, իսկ Մեղրիի շրջանը (1988թ. սահմաններում) փոխանցվում է Ադրբեջանի Հանրապետությանը։
«Հոդված 2. Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի, Զանգելանի, Քելբաջարի, Ղազախի և Շահումյանի գրավյալ տարածքները (1988թ. սահմաններում) անհապաղ փոխանցվում են Ադրբեջանի Հանրապետության քաղաքական և վարչական վերահսկողության ներքո։ Հոդված 3. Սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո ցանկացած պետության բոլոր ոչ սահմանակից տարածքները (անկլավները) փոխանցվում են այն պետությանը, որը շրջապատում է դրանք»,– մեջբերումը շարունակեց վարչապետը։
Նշված համաձայնարի չորրորդ հոդվածով նախատեսվում էր, որ Հայաստանը սկսում է անհապաղ իրականացնել զինված ուժերի դուրսբերումն ադրբեջանական բոլոր «գրավյալ տարածքներից», ներառյալ` Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլուի, Զանգելանի, Քելբաջարի, Ղազախի և Շահումյանի շրջանները։ Զինուժի դուրսբերումը պետք է ավարտվեր համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո` 60 օրվա ընթացքում։ Այդ ուժերի հետքաշման և տեղափոխման պլանավորումն ու իրականացումը պետք է իրականացվեին միջազգային դիտորդական ուժերի աջակցությամբ։
«Հոդված 5. Սույն համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո սկսվում է Մեղրիի շրջանի բնակչության և ներկայիս Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլուի, Զանգելանի, Քելբաջարի, Ղազախի և Շահումյանի շրջաններում բնակվող հայերի անվտանգ և կամավոր տեղափոխումը ՀՀ տարածք։ Այդ տեղափոխությունը պետք է ավարտվի համաձայնագրի` ուժի մեջ մտնելուց հետո` 60 օրվա ընթացքում։ Տեղափոխության պլանավորումն ու իրականացումը պետք է կատարվեն միջազգային դիտորդական առաքելության աջակցությամբ»,– համաձայնագրից մեջբերեց վարչապետը։
Ոչ մի գաղտնիք էլ չկար. Փաշինյանը վերլուծեց Տեր– Պետրոսյանի հայտնի հոդվածը
Ըստ շրջանառվող փաստաթղթի` Մեղրիի շրջանն առաջին հերթին բնակեցվելու էր հակամարտության հետևանքով տեղահանված Ադրբեջանի քաղաքացիներով։ Յուրաքանչյուր պետություն պատասխանատու էր իր քաղաքացիների տեղափոխման համար, պետք է համագործակցեր մյուս պետության և միջազգային դիտորդական առաքելության հետ։ Յուրաքանչյուր պետություն պետք է ապահովեր բնակավայրի և մյուս ենթակառուցվածքների պաշտպանությունը փոխանցվող շրջաններում` նպատակ ունենալով կանխել դրանց ապամոնտաժումը, վնասումը կամ ավերումը։
«Այս փաստաթուղթն արձանագրում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայկական հիմնարար պատկերացումների մահը։ Ճիշտ է, այն չի ընդունվել, ընդ որում կա, կարծիք, և ես կիսում եմ այն, որ այս փաստաթղթի իրականացումը կանխել են Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն իրենց կյանքերով»,– շեշտեց Փաշինյանը։
Հավելեց, որ ժամանակագրությունն էլ է դա փաստում՝ խոսքը 1999թ. օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբերի ամիսների մասին է։
Շեշտեց` 22 տարի մեր հանրությունը ոչինչ չէր լսել այս ամենի մասին, որովհետև կային երկու` իրարից լրիվ տարբերվող իրականություններ` նեղ փորձագիտական և լայն հանրային, որոնք երբեմն լրիվ հակադիր էին։