ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ արտգոծնախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն ու վերջին զարգացումները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«Միրզոյանը խոսել է Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունների, վերջին օրերին ՀՀ-ի հետ սահմանին հայկական դիրքերի ու քաղաքացիական օբյեկտների թիրախավորման մասին։ Իր խոսքում նա նաև ընդգծել է ընդհանուր տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցում դրանց ապակայունացնող ազդեցությունը։ Այս համատեսքտում նախարարը շեշտել է ՀԱՊԿ հասցեական արձագանքի հրամայականը»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ ԱԳ նախարարը նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ստեղծված լարված իրավիճակին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում Ադրբեջանի սադրանքներին։ Նա ընդգծել է, որ Հակարի կամրջի մոտ տեղի ունեցածը և նման միջադեպերը միտված են խոչընդոտելու Հարավային Կովկասում կայունության հասնելու՝ Հայաստանի և տարածաշրջանում կայունության ապահովմամբ շահագրգռված բոլոր կողմերի ջանքերը։
Միրզոյանը նաև ներկայացրել է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի տեսլականը։ Նա կարևորել է ուժի կամ ուժի սպառնալիքի քաղաքականությունից հրաժարվելու, կառուցողական երկխոսության միջոցով առկա խնդիրներին լուծումներ տալու, ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցերի հասցեագրման առանցքային նշանակությունը։
Հաջորդիվ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նեղ կազմով նիստին: Քննարկվել են նիստի օրակարգային հարցեր՝ ներառյալ ՀԱՊԿ գործունեության և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։
ՀԱՊԿ նեղ կազմով նիստում ևս ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում վերջին իրադարձություններին։
Նշենք, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի աշխատանքների շրջանակում անդամ պետությունների ԱԳ նախարարներին հունիսի 20-ին Մինսկում ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։