«44-օրյա պատերազմը չէր լինի, եթե...». Փաշինյանը` ինքնորոշման իրավունքի մասին

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը խոսեց դեռևս 1996 թվականին արտահայտված դիրքորոշման մասին` համոզմունք հայտնելով, որ շատերի համար դա նորություն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի –Sputnik. 44-օրյա պատերազմը չէր լինի, եթե ԼՂ հարցը լուծվեր նախորդ 25 տարիների ընթացքում։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց այստեղ մի էական հարց է ծագում՝ ուզո՞ւմ էինք արդյոք լուծել ԼՂ հարցը, սրան զուգահեռ մի շատ հիմնարար ու խորքային հարց է ծագում՝ կարո՞ղ էինք արդյոք լուծել ԼՂ հարցը, ու եթե այո, ինչպե՞ս»,- նշեց նա։
Այդ փաստաթղթի իրականացումը կանխեցին Սարգսյանն ու Դեմիրճյանն իրենց կյանքերով. Փաշինյան
Վարչապետի խոսքով՝ ԵԱՀԿ-ն, միջազգայի հանրությունն ասել են՝ ԼՂ-ի հարցը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, ու այդ իրավունքի իրացումը ԼՂ-ին կտա բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում:
«Դեռևս 1996 թվականին միջազգային հանրությունը, այդ թվում` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից 4-ը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները այս դիրքորոշումն են արտահայտել, ինչը ո՛չ հանրային, ո՛չ փորձագիտական մակարդակում պատշաճ չի լուսաբանվել»,– ասաց նա։
Վարչապետը համոզված է, որ շատերի համար այս տեղեկությունը նորություն է։
Հիշեցնենք՝ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում` Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց` Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։