Ընդդիմադիր պատգամավորները վաղը չեն մասնակցի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին

Ըստ ընդդիմադիր խմբակցությունների` քննիչ հանձնաժողովը լինելու է Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիրախավորումների, «մեղավորներ» նշանակելու հարթակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները վաղը չեն մասնակցի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Այս մասին հայտարարություն են տարածել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
Ավելի վաղ նշել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին կմասնակցի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին։
Ընդդիմադիր պատգամավորներն իրենց տարածած հայտարարությունում նշել են` «չեն մասնակցի այդ շոուին»։
Նրանք համոզված են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային, ուղիղ եթերում ցուցմունք տալու նախաձեռնությունը որևէ կերպ չի նպաստելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելուն, քանի որ հրապարակային վկայությունների պարագայում անհնար է լինելու պետական, ռազմական, դիվանագիտական գաղտնի տեղեկությունների հրապարակումը կամ դրանց շուրջ հարցադրումների ներկայացումը։

«Փաշինյանի հրապարակային ցուցմունք տալու նախաձեռնությունը, շտապողականությունը պայմանավորված է քաղաքական շահարկումների նպատակով ձևավորված և ժամկետները երկարաձգած քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետի ավարտով և ծառայելու է իշխանությանը, քաղաքական մեծամասնությանն ու անձամբ Փաշինյանի վրայից քաղաքական պատասխանատվությունը հեռացնելու նպատակին»,– ասված է հայտարարությունում։

Հայտարարությունում նշվում է նաև, որ եթե հանձնաժողովը բացառություն է անում մեկ հարցաքննվողի համար, ապա պարտավոր է հրապարակել բոլոր հարցաքննության ենթարկվածների ցուցմունքներն ու պատասխանները։
Հակառակ պարագայում, ըստ նրանց, ստեղծվում են անհավասար պայմաններ, և «քննիչ հանձնաժողովը լինելու է Փաշինյանի քաղաքական թիրախավորումների, «մեղավորներ» նշանակելու հարթակ»։
Տոնոյանն առաջարկում է անցկացնել քննիչ հանձնաժողովի բաց նիստ իր և Փաշինյանի մասնակցությամբ