ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայաստանի զինանշանը ոչ թե փոփոխման, այլ վերամշակման կարիք ունի, քանի որ բազմաթիվ թերություններ ու վնասաբեր նշաններ ունի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Նկարիչների միության նախկին նախագահ Կարեն Աղամյանը։
Օրեր առաջ Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ զինանշանը մեր ապագայի հետ կապ չունի։ Ըստ նրա` Հայաստանի 4 թագավորությունների զինանշանները, Նոյյան տապանը, Արարատ լեռը 1991 թ. հիմնված պետության հետ կապ չունեն։ Նույնը, ըստ Փաշինյանի, վերաբերում է զինանշանին պատկերված առյուծին, որը Հայաստանի բնական պայմաններում այլևս չի ապրում։
Թե ինչպիսին և ինչից բաղկացած պետք է լինի զինանշանը, ըստ Աղամյանի, որոշում են ոչ թե նկարիչները, այլ քաղաքագետները։
«Դա քաղաքականություն է, ոչ թե նկարչություն, և քաղաքագետները կամ գիտնականները պետք է որոշեն, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ զինանշանը։ Իմ կարծիքով` այն, ինչ կա, կարող է շարունակվել, բայց զգալի վերամշակումներով։ Օրինակ` Արարատ լեռան տակ ջուր է, որը հեղհեղուկ վիճակ է ստեղծում, մեր երկրի տարածքը այդպիսին չի կարող լինել։ Նման մանրուքները կարևոր են»,–ասաց նա։
Զինանշանի թերությունների թեման շարունակելով` նկարիչը մասնավորեցրեց ևս մի քանիսը։ Նախ` զինանշանի վրա առկա սուրը շղթայակապ է և ծայրը չի երևում։ Վահանակիրները` առյուծը և արծիվը ևս թերություններ ունեն։ Առյուծը նկարված է այնպես, ինչպես հիվանդագին կենդանի` նա ատամ չունի։ Լեզուն, որ պետք է երևա, չի երևում, իսկ մեջքը ոլորված է։ Իսկ արծիվը մագիլներ չունի, ժանիքներ չկան...
«Եթե թուրը ծայր չունի և շղթայված է, ուրեմն Հայաստանն այդպիսի վիճակում է, եթե իր վահանակիրները հիվանդոտ տեսքով են պատկերված, լացակումած բերանով, արդեն պետք է մտածել, որ այս երկիրը խեղճ վիճակում է»,–ընդգծեց մեր զրուցակիցը։
Բացի այդ, զինանշանի վրա կա ժապավեն` առանց գրության։ Նման բան, նկարչի խոսքով, արգելվում է. զինանշանագիտության մեջ ժապավենը զինանշանի վրա լինում է միայն այն դեպքում, եթե երկիրն ունի կարգախոս։
«Մենք չունենք կարգախոս։ Օրինակ` ԱՄՆ-ի զինանշանի վրա կա ժապավեն, որի վրա գրված է կարգախոսը, իսկ ՌԴ–ն չունի կարգախոս, իր զինանշանի վրա ժապավեն չկա, իսկ մերը դատարկ է»,–ասաց նա։
Մեկ այլ հատկանշական խնդիր է, որ Հայաստանում օգտագործվում է զինանշանի հինգ–վեց տարբերակ, որոնք, Աղամյանի կարծիքով, մեկը մյուսից վատն են, և երկու իրար նմանը չկա։ Սա արգելված մեթոդ է։
Սակայն ինքը` նկարիչը, համոզված է, որ հնարավոր է այդ թերությունները շտկել։ Ու խոսքը ոչ թե բովանդակային, այլ ձևի փոփոխության մասին է։ Նա 13 տարի զբաղվում է ՀՀ զինանշանով և իր նկատած թերությունների մասին բարձրաձայնել է, զուգահեռ ՀՀ Սահմանադրության հիման վրա ստեղծել է զինանշանի լրամշակված տասնյակ տարբերակներ, որոնցից մի քանիսը, իր խոսքով, հաջողված և վերջնական են։
Նախկին իշխանությունների առաջին դեմքերն էլ, ըստ Աղամանյանի, համամիտ են եղել նրա հետ, որ զինանշանի վրա որոշ շտկումներ են անհրաժեշտ, սակայն այդ հետաքրքրությունը ինչ-որ կետում մարել է։
Նշենք, որ ՀՀ ներկայիս զինանշանը Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920 թթ.) զինանշանի վերականգնված տարբերակն է, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:
Այն ՀՀ պետական խորհրդանիշերից է։ Հայաստանի Հանրապետության զինանշանն է՝ կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշիսյանների, ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ ՀՀ զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ կարմիր և կապույտ, իսկ կենտրոնում պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշը։