Սպասենք պաշտոնական արձագանքներին. ԱԳ փոխնախարարը` Հակարիի կամրջի միջադեպի մասին

Հունիսի 16-ին ՀՀ արտգործնախարարությունը ՌԴ դեսպանին խիստ դժգոհություն է ներկայացրել տեղի ունեցածի առնչությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայաստանը սպասում է Հակարի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Ռուաստանի արձագանքին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Նշենք, որ ՀՀ–ն հունիսի 16-ին խիստ դժգոհությունն է ներկայացրել ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին` հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ ՀՀ արտգործնախարարությունը կոչ է արել ՌԴ–ին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջադեպի հանգամանքները պարզելու և իրավիճակը շտկելու ուղղությամբ։
«Միջազդեպը քննվում է։ Արտաքին գործերի նախարարությունն իր մտահոգությունները ներկայացրել է խնդրի վերաբերյալ, սպասենք պաշտոնական արձագանքներին։ Մենք ներկայացրել ենք մեր դիրքորոշումը»,– ասաց Կոստանյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։
Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: