Պապիկյանը ծաղիկներ է խոնարհել Մանուշյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողի առջև

Սուրեն Պապիկյանն այցելել է Մոն-Վալերիանի հուշահամալիր
Ֆրանսիական դիմադրության հերոս, Հայոց ցեղասպանությունը վերապրած Միսաք Մանուշյանի աճյունն առաջիկայում Ֆրանսիայի պանթեոն կտեղափոխվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է Ֆրանսիական դիմադրության շարժման մասնակիցների, այդ թվում` Դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի և նրա խմբի 21 անդամների հիշատակը հավերժացնող Մոն-Վալերիանի հուշահամալիր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«1944 թ-ի փետրվարի 21-ին՝ երեք ամիս տևած հարցաքննություններից և խոշտանգումներից հետո, այստեղ՝ Ֆոր Մոն-Վալերիան ամրոցում են մահապատժի ենթարկվել 37-ամյա Մանուշյանը և նրա խմբի անդամները»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ի հիշատակ Միսաք Մանուշյանի, նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի և Ֆրանսիայի ազատագրության համար զոհված այլ հայազգի հերոսների` ՀՀ պաշտպանության նախարարը ծաղիկներ է խոնարհել «Մարտնչող Ֆրանսիա» հուշակոթողի առջև, այնուհետև շրջայց է կատարել հուշահամալիրի տարածքում։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Ելիսեյան պալատը պաշտոնապես ազդարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատմական որոշման մասին՝ Ֆրանսիական դիմադրության հերոս, Հայոց ցեղասպանությունը վերապրած Միսաք Մանուշյանի աճյունն առաջիկայում Ֆրանսիայի պանթեոն է տեղափոխվելու։
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 18–ին է մեկնել Ֆրանսիայի Հանրապետություն: