ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Նոր տրոլեյբուսները երթուղի դուրս կգան հուլիսի առաջին տասնօրյակում։ Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը։
«Մնում է միայն ավագանու հաստատումը, առաջիկա ավագանու նիստից 7-10 օր հետո տրոլեյբուսները դուրս կգան երթուղի»,– ասաց նա։
Նշենք, որ Երևանի ավագանու հերթական նիստը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 27-ին։
Ինչ վերաբերում է տրոլեյբուսների նոր խմբաքանակի գնմանը, ապա հերթական մրցույթն արդեն հայտարարված է։
«Գնահատումը իրականացրել ենք, ունենք հաղթող մասնակից, պայմանագիրն առաջիկա օրերին կծանուցվի»,– ասաց նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանի քաղաքապետարանն իր միջոցներով ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուս, ևս 15 տրոլեյբուս ձեռք կբերի ՀՀ կառավարության աջակցությամբ։
Այժմ աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի տրանսպորտային պարկի թարմացման ուղղությամբ։