ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ: Տեղեկությունը հրապարակվել է ՄԻՊ–ի ֆեյսբուքայն էջում։
ՄԻՊ ներկայացուցիչները տեղում ծանոթացել են նրա առողջական վիճակին և պահման պայմաններին։
«Արմեն Աշոտյանը ՔԿՀ-ի վարչակազմի վերաբերմունքից, ինչպես նաև պահման պայմաններից բողոքներ չի ներկայացրել»,– ասված է հաղորդագրությունում։
Նա մտահոգություններ է հայտնել նախաձեռնված քրեական վարույթի և ընտրված խափանման միջոց կալանքի առնչությամբ։
ՄԻՊ ներկայացուցիչների այցի արդյունքները կամփոփվեն և անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություն կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն։
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով։ Նրա նկատմամբ 2022 թվականի նոյեմբերին խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն հունիսի 15-ին նա կրկին ձերբակալվել է։
Քննչական կոմիտեն Աշոտյանի ձերբակալումը հիմնավորում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածով (խափանման միջոցի պայմանների խախտում)։
Նշենք, որ խոսքը նախորդ տարվա վերջին հարուցված քրեական գործի մասին է։ Այն ժամանակ բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին մեղադրանք էր առաջադրվել Բժշկական համալսարանից առանձնապես խոշոր չափերով (39 մլն 660 հազար դրամի չափով) գույքի ենթադրյալ հափշտակության համար, ու այդ նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունի Արմեն Աշոտյանը, որը կալանավորվեց հունիսի 16-ին։