ՄԱԿ–ի ՄԻ հանձնակատարը շեշտել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի կարևորությունը

Ֆոլկներ Թյուրք
Ֆոլկներ Թյուրքը զեկույց է ներկայացրել աշխարհում մարդու իրավունքների ներկա իրավիճակի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՄԱԿ–ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Ֆոլկներ Թյուրքը խոսել է Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժվելու և խաղաղ բնակչությանը հումանիտար ազդեցությունից զերծ պահելու կարևորության մասին։ Այս մասին նա ասել է Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանի ժամանակ։ Նրա խոսքը մեջբերում է «Արմենպրեսը»։
Թյուրքը զեկույց է ներկայացրել աշխարհում մարդու իրավունքների ներկա իրավիճակի վերաբերյալ։
Անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանին՝ նա նշել է, որ ՄԱԿ–ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակը տարիներ շարունակ ձգտել է մուտք գործել Հարավային Կովկասի տարածաշրջանի դե ֆակտո իշխանությունների արդյունավետ վերահսկողության տակ գտնվող տարածքներ:
«Մարդիկ ավելի խոցելի են դառնում ՄԱԿ-ի մարդու իրավունքներով զբաղվող կառույցների հետ շփման և նրանց կողմից կանոնավոր մոնիտորինգի բացակայության պայմաններում: ՄԱԿ-ի մուտքն այդ տարածքներ հնարավորություն կտա իրականացնել մարդու իրավունքների գնահատումներ և լուծել մարդկանց կարիքները, ինչպես նաև օգնել վստահության ձևավորմանը», - ասել է Թյուրքը:
Նա կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության ջանքերը խարսխել մարդու իրավունքների վրա:
«Ես նաև շեշտում եմ Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժվելու և խաղաղ բնակչությանը հումանիտար ազդեցությունից զերծ պահելու կարևորությունը», - ասել է Թյուրքը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
Հունիսի 15-ի առավոտյան էլ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: