ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՌԴ–ի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հանդիպման վերաբերյալ կոնկրետ ծրագրեր դեռ չկան, սակայն մոտ ապագայում այն կարող է կայանալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը, մասնավորապես, երկկողմ օրակարգի հարցեր են քննարկել։
«Դեռ նախարարների հանդիպման կոնկրետ ծրագրեր չկան, սակայն պայմանավորվածություն կա պահպանելու քաղաքական շփումների և ընդհանուր առմամբ երկկողմ հարաբերությունների դինամիկան։ Կարծում եմ, որ նման շփումն առաջիկայում առանց ավելորդ ուշացման կկայանա, առավել ևս, որ նախարարներն արդեն իսկ զրուցել են հեռախոսով և անդրադարձել հանդիպման հարցին», – ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` լրագրողներին ասել է Գրուշկոն։
Հիշեցնենք, որ Հաքան Ֆիդանը Թուրքիայի արտգործնախարար է նշանակվել երկրում կայացած ընտրություններից և նախարարների նոր կաբինետի ձևավորումից հետո` այդ պաշտոնում փոխարինելով Մևլութ Չավուշօղլուին։