ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Կարկտային ամպերը ՀՀ են մտնում Թուրքիայից և Նախիջևանից, դրանց դեմ ուղղակի հնարավոր չէ պայքարել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Լևոն Ազիզյանը` անդրադառնալով վերջին օրերի ուժեղ կարկտահարությանը։
Նշենք, որ վերջին օրերին ուժեղ կարկուտ և հեղեղային անձրևներ են գրանցվել Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում։ Գրեթե 40 րոպե տևած կարկուտն ու հորդառատ անձրևը զգալի վնաս են հասցրել բերքին։
«Հայաստան կարկտային ամպերը գալիս են Թուրքիայից, Նախիջևանից։ Եթե կարկտային ամպերն արդեն իսկ ձևավորված են, դրա դեմ պայքարելու ոչ մի մեթոդ գոյություն չունի աշխարհում։ Ընդամենը չպետք է թողնես, որ նման ամպեր ձևավորվեն։ Նույնիսկ հրթիռային մեթոդը, որ բավականին բարձր արդյունավետություն ունի, չի կարող ազդել կարկտաբեր ամպերի վրա։ Մեր աշխարհագրական դիրքն էլ այնպիսին է, որ արդեն իսկ ձևավորված կարկտային ամպերն ուղղակի մտնում են հանրապետության տարածք»,– ընդգծեց Ազիզյանը։
Նրա խոսքով` միակ արդյունավետ մեթոդը հակակարկտային ցանցերն են, սակայն դրանք էլ ցորենի արտի, բարձր այգիների դեպքում չեն աշխատում։ Մյուս կողմից էլ այդ ցանցերը բավականին թանկ են, ու համայնքը բավարար միջոցներ չունի դրանք ձեռք բերելու համար։
Ինչ վերաբերում է հակակարկտային կայաններին, ապա դրանք ձեռք են բերվում համայնքների կողմից և ապա հանձնվում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ին` սպասարկման։ Այս պարագայում համայնքները բախվում են մեկ այլ խնդրի` ՀՀ ամեն մարզում չէ, որ կարողանում են ձեռք բերել հակակարկտային կայաններ։ Օրինակ` Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի շատ համայնքներում, բացի այն, որ չկան հակակարկտային կայաններ, նաև ՊՈԱԿ–ի ռադիոլոկացիոն կայանները չեն կարողանում «որսալ» մոտալուտ կարկուտը։
«Մենք ունենք ընդամենը երկու ռադիոլոկացիոն կայան Դսեղ գյուղում և Արտաշավան համայնքում։ Դրանք երկուսն էլ 1980–ական թվականների են և ՀՀ տարածքի ամեն հատվածում չէ, որ ցույց են տալիս իրավիճակը։ Քանի որ Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերը բարձր լեռնային հատվածներ են, չենք կարողանում տեսնել` կարկտային օջախներ կան, թե ոչ։ Բայցև հզոր կարկուտների դեպքում հակակարկտային կայանների արդյունավետությունը բավականին ցածր է»,– նշեց Ազիզյանը։
Ըստ նրա` ամբողջ հանրապետությունը ծածկելու համար անհրաժեշտ է 4 ռադիոլոկացիոն կայան, իսկ մեկ ռադիոլոկացիոն կայանը մոտավորապես արժե 1.5 մլն դոլար։
Նոր ռադիոլոկացիոն կայաններ ձեռք բերելու համար «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը դեռ մեկ ու կես տարի առաջ դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, մասնակցել է ներդրումային վարչության հայտարարած մրցույթին։ ՊՈԱԿ–ի առաջարկը դեռ տեխնիկատնտեսական հիմնավորման փուլում է։ Ազիզյանի խոսքով` դիմել են անգամ ՀՀ վարչապետին, և առաջարկը հավանության է արժանացել։
Վերջին օրերին տեղացած կարկուտի վնասի չափի և ծավալների մասին էկոնոմիկայի նախարարությունից Sputnik Արմենիային ասացին, որ այդ հաշվարկն անում են համայնքապետարանները և մարզպետարանները, նախարարությունը տվյալներ չունի։
Համայնքապետարաններից և մարզպետարաններից այս պահին դժվարացան անգամ նախնական տվյալ ասել, քանի որ կարկուտը որոշ հատվածներում պարբերաբար կրկնվում է։ Համայնքապետերը դեռ շարունակում են այցելել տուժած բնակավայրեր` տեղում գնահատելու վնասի չափը։