Կարեն Անդրեասյանը 4 դատավորի պատասխանատվության ենթարկելու գործով ինքնաբացարկ չի հայտնի

Կարեն Անդրեասյան
Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացրել արդարադատության նախարարությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) մերժել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ 4 դատավորներից մեկի ներկայացուցչի միջնորդությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԲԴԽ մամուլի ծառայությունից։
Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել այն դատավորների ներկայացուցիչները, որոնց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցն է քննարկվում։
Նշենք, որ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացրել արդարադատության նախարարությունը։
Դատավորների ներկայացուցիչները հայտարարել էին, որ Կարեն Անդրեասյանը, լինելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի մտերիմ ընկերը, չի կարող անաչառ մոտենալ այս հարցով որոշմանը։
Հիշեցնենք՝ ԲԴԽ-ում մեկնարկել է սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ գործի քննությունը։
Վարույթի հիմքում ՄԻԵԴ–ի 2019 թվականի հունվարի 24-ի վճիռն է: Մինասյանը միջնորդել է դատավորներին պատժել 2009 թվականի, այսինքն՝ 14 տարի առաջ կայացված դատական ակտերի համար: